Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում ներկայացրել է ևս մեկ նախաձեռնություն՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը։ Այս մասին նախարարը գրառում է կատարել սոցցանցում․
«Նախաձեռնության ներկայացմանը հանդես եմ եկել բացման խոսքով՝ ընդգծելով, որ բնության պահպանությանն ուղղված արդյունավետ որոշումների հիմքում պետք է լինեն հուսալի տվյալներն ու առաջընթացը գնահատելու կարողությունները։
Մեր նպատակն է աջակցել երկրներին՝ ամրապնդելու մոնիթորինգի ազգային համակարգերը, լրացնելու տվյալների բացերը և կիրառելու նորարարական տեխնոլոգիաներ՝ արբանյակային դիտարկումներից մինչև արհեստական բանականություն։
Նախաձեռնությունը մշակվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համակարգմամբ և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ու Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համատեղ առաջնորդությամբ»,- նշել է Մաթևոսյանը՝ կոչ անելով գործընկերներին միանալ նախաձեռնությանը՝ մասնագիտական փորձն ու տեխնոլոգիական հնարավորությունները ծառայեցնելով երկրների կարիքներին։
«Այս համագործակցությունը պետք է շարունակվի նաև COP17-ից հետո՝ նպաստելով բնության պահպանությանն ուղղված չափելի արդյունքների ապահովմանը»,- հավելել է նախարարը։


