Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել: Այս մասին Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 20-ին հրապարակված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների համատեղ զեկույցի իրավական հատվածին:
Ըստ Միրզոյանի` ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը կասեցնելու համար զեկույցում Վիեննայի կոնվենցիային կատարվող հղումները տեղին չեն, իսկ ԵԱՏՄ փաստաթղթերով նման ընթացակարգ սահմանված չէ:
Միրզոյանը բացատրեց, որ Վիեննայի կոնվենցիայով նման ընթացակարգ սահմանվում է այնպիսի երկրի նկատմամբ, որը խախտել է միջազգային կամ ինտեգրացիոն կազմակերպությունում ունեցած պարտավորությունները, մինչդեռ Հայաստանը որևէ բան չի խախտել:
«Ես հասկանում եմ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել, որպեսզի իրավական հիմնավորում գտնեն, բայց ես համաձայն չեմ դրանց հետ: Ասում ենք իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա և գուցե քաղաքական հանձնարարություն կա իրավաբաններին որևէ հիմնավորում գտնել»,-ասաց ԱԳՄԱ նախարարը:
Միրզոյանը հույս հայտնեց, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները կազմակերպության և երկկողմ շրջանակներում բարեխղճորեն կկատարեն Հայաստանի նկատմամբ իրենց ունեցած պարտավորությունները:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է. ինչ էլ լինի մեր որոշումների և պահվածքի առանցքում է մեր պետականությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը այդ թվում նաև այս կամ այն հարցի շուրջ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը: Մենք կփորձենք կառուցողական երկխոսություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալով մեր պետականությունը իհարկե»,-ասաց Միրզոյանը:


