Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ժամանակ թուրք լրագրողներից մեկը մեջբերել է տեսակետը, թե ներկա պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների խոչընդոտ է հանդիսանում Ադրբեջանը:
«Քիչ առաջ խոսեցիք տարածաշրջանում խաղաղության և բարիդրացիականության կարևորությունից։ Գիտենք, որ Ամերիկայի և Իսրայելի միջև էլ համաձայնություններ կան Իրանի հետ կապված, և խոսում են այն մասին, որ կարող է ռազմական ճանապարհով ինչ-որ բան լինել: Սա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, Ադրբեջանի հետ բանակցությունների առումով։ Թրամփի և Իսրայելի՝ Իրանի նկատմամբ վարած քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում և արդյոք այն Հայաստան-Թուրքիա հարաբերություններում փոխկապակցված ինչ-որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ»,- հարց է ուղղել նա։
«Գիտեք, օրինակ, մենք նախորդ տարի ճանաչեցինք Պաղեստինի անկախությունը, և սա պիտի ասեմ, որ նաև տարածաշրջանացման մեր քաղաքականության արտահայտություն էր: Եվ այս որոշման մեջ ամենևին էլ երկրորդական դեր չի խաղացել մեր անմիջական հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի դիրքորոշումը։ Եվ այս առումով, իհարկե, տարածաշրջանային իրադրությունները մեզ մտահոգում և անհանգստացնում են՝ նեգատիվ իրադարձությունները, և բնականաբար, երբ ինչ-որ դրական զարգացում է տեղի ունենում, մենք փորձում ենք մեր ուժերի ներածին չափով նպաստել այդ դրական զարգացումներին։
Իհարկե, նաև մենք լավ հարաբերություններ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Մենք այս տարի ստորագրեցինք ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ: Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և բնականաբար նրանց հարաբերություններում որևէ լարումն անհանգստացնում է մեզ։ Եվ, ինչպես արդեն ասացի, տարածաշրջանի խաղաղությունը նաև Հայաստանի բարեկեցության գործոն է և երաշխիք: Դա չի նշանակում, որ խոսքը վերաբերում է միայն հենց Հայաստանում խաղաղությանը, որովհետև իհարկե, ես Ձեզ կարող եմ բերել 2008 թվականի օրինակը, երբ Վրաստանում տեղի ունեցան իրադարձություններ. գիտեք Հարավային Օսեթիայի հետ կապված ռազմական իրադրությունը, որը շատ արագ նեգատիվ ազդեցություն ունեցավ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։
Ես նկատի ունեմ՝ հենց սա տարածաշրջանացման այդ գաղափարաբանության շատ կոնկրետ հիմնավորումն է, որովհետև հնարավոր չէ, որ տարածաշրջանում չլինի կայունություն և խաղաղություն, և առանձին վերցրած երկիր վայելի կայունություն և խաղաղություն: Այդպես չի լինում: Եվ իմ կարծիքով՝ հենց սա է այն հիմնական ընկալման փոփոխությունը, որի անհրաժեշտությունը մեր տարածաշրջանն ունի: Եվ այդ առումով, իհարկե, անհանգստացնող է, բայց մյուս կողմից՝ նաև որոշակի ազդակներ կան, որ ցանկություն կա բանակցային, խաղաղ, դիվանագիտական եղանակով հաղթահարել տարաձայնությունները: Եվ ես հույս ունեմ, որ մենք կգնանք հենց այդ սցենարով, որովհետև նույն Իրանի Իսլամական Հանրապետության կայունությունը և խաղաղությունը մեզ համար կարևոր է, նաև տարածաշրջանի բոլոր երկրների։ Եվ մենք այս տրամաբանությամբ ենք փորձում մեր քաղաքականությունները վարել, և այնտեղ, որտեղ ջանք ունենք գործադրելու, որովհետև հասկանալիորեն ամեն ինչ չէ, որ մեզնից կախված է, մենք չենք զլանա այդ ջանքը գործադրել»,- նշել է վարչապետը։