Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես հիմա ասում եմ՝ արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ սահմանին զինվոր չի զոհվել: Նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, որ այսպիսի իրավիճակ լինի: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցների շրջանակում ներկայացված տեսակետին, թե Փաշինյանը բանակցությունները փակուղի է տարել, ինչն էլ հանգեցրել է պատերազմի:
«Եթե 2018-ին չկար պատերազմ, ինչո՞ւ էին զինվորները զոհվում սահմանին: Պատերազմը ո՞րն է, պատերազմն այն է, որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում: Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 2018-ից առաջ»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ երբ բանակցային փաստաթղթերը հրապարակվեն, նախկինում արված բոլոր առաջարկությունները կներկայացվեն՝ և՛ 2016-ի հուլիսի, և՛ օգոստոսի, նաև կհրապարակվի Սերժ Սարգսյանի նամակը, որի մասին խոստացավ հետագայում առավել մանրամասն խոսել:

