Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բնականաբար, տարածաշրջանում Իրանի շուրջ իրավիճակի լարումից հետո և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի՝ ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադարձնելու վերաբերյալ հարցին:
«Կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ, այդ թվում՝ թեժ գծերի միջոցով, և հիմա ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: Աշխատանքներ են իրականացվել, իհարկե բարդությունները ակնհայտ են. փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր վերաբերելի երկրներում, չեղարկվել են թռիչքները, մի սպեցիֆիկա կա, որ ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, և օգտվելով այդ հնարավորությունից՝ մենք կազմակերպել ենք և կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը ԱՄԷ-ից դեպի Օման, որտեղից նաև կազմակերպում ենք թռիչքներ Մասկատից Երևան»,- նշեց Միրզոյանը:
Միրզոյանը մանրամասնեց, որ խոսքը շուրջ 400 կմ ճանապարհի մասին է՝ տրանսպորտային տեղափոխության, կազմակերպություններ գտնելը, վճարելը, նաև ՀՀ Կառավարությունն է հոգում այդ տեղափոխությունը, նրանց անվտանգ անցումը ԱՄԷ-ից դեպի Օմանի Սուլթանություն, նրանց հասցնելը մինչև օդանավակայան, ձևակերպումների կազմակերպումը, իհարկե նաև թռիչքների թույլտվությունների ստացումը ԱԳՆ-ի կողմից է կազմակերպվել՝ որոշ դեպքում ավիաընկերությունների հետ բանակցելով, և հետո արդեն քաղաքացիները կարող են այդպես վերադառնալ:
«Արդեն երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել, վաղն էլ է տրված թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ, իհարկե նաև մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել Դուբայից և Աբու Դաբիից, բայց, իհարկե, այսքանով ամբողջը չի սահմանափակվում, սպեցիֆիկաներ կան, մենք կապի մեջ ենք մշտապես մեր գրեթե բոլոր քաղաքացիների հետ:
Օմանում ունենք 2 քաղաքացի, որոնք ցանկություն չունեն վերադառնալու, նաև Հեռավոր Արևելքից 2 քաղաքացի եկել են Օման և այնտեղից արդեն տեղափոխվել են ՀՀ: Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորը անվտանգ են, բոլորը նորմալ են, Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորը ապահովված են հյուրանոցներով, սննդով: Դոհայում մնացած քաղաքացիներից 2-ը դեղորայքի կարիք են ունեցել, դեսպանության միջոցներով այդ դեղորայքը հասցվել է: Ավելորդ է ասել, որ նույն Օմանում, բոլոր տեղերում ամբողջը արվել է դեսպանությունների միջոցով:
Լիբանանում պարի համույթ կար, որը արդեն վերադարձավ, վայրէջք կատարեց Երևան, էլի Լիբանանում ՀՀ դեսպանության ջանքերով և ուղեկցությամբ է հասցվել խումբը օդանավակայան: Վիետնամում ունենք 1 քաղաքացի, որը ունի Բահրեյնում մշտական կացության իրավունք, որը ցանկություն չունի վերադառնալու, միևնույն ժամանակ ունենք 17 քաղաքացիներից բաղկացած խումբ, Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով Սևան ստարտափ սամիթի ծրագրի շրջանակներում: Ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնելու, Շրի Լանկայում ունենք քաղաքացիներ: Կառավարությունը փորձում է նրանց տեղափոխել Մասկատի՝ Օմանի օդանավակայան:
Կառավարությունը մարդկանց տալիս է ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար և ավտոբուսով հասցնում է Դուբայից Մասկատ օդանավակայան, որտեղ Կառավարությունը ստացել է թռիչքի թույլտվություն, մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է: Մենք խոսել ենք, բանակցել ենք ավիաընկերությունների հետ: Օդանավը Մասկատ -Երևան թռիչքի համար այլևս նախկինի պես չի գալիս, դա նշանակում է կրկնակի, եռակի ժամանակ օդում, ըստ այդմ՝ ծախսեր: Մի թռիչքի ինքնարժեքը 170 հազար դոլար է, եթե դա պայմանական բաժանես 200 քաղաքացու վրա, արդեն կարող ես ֆիքսել, որ ինքնարժեքը մեծ տոկոս է: Ես չեմ իմանում գները, ես՝ որպես Կառավարության անդամ, հոգ եմ տարել, որ քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան, և մի մասն էլ ճանապարհի տեղափոխել ենք: Հետո նաև եկեք արձանագրենք, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակով. կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ՝ մի մարդ, որը մի ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, կարող է տոմս առնել. մի քիչ արդար չէ տոմսն առնելու պահանջը Կառավարության նկատմամբ: Կլինեն այլ խավեր, կդիտարկենք, բնականաբար, նաև ֆինանսական այդ բեռը մեզ վրա վերցնելու հարցը»,- նշեց ԱԳ նախարարը:

