Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հազարավոր առաջարկներից 3-5 դեպք է եղել, որ քաղաքացիները չեն ցանկացել Հայաստանի քարտեզով կրծքազարդը վերցնել։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Դա մենք հասկացել ենք շատ ուշ, և կան քաղաքական ուժեր, որոնք չեն հասկացել և չեն էլ հասկանալու»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանի Հանրապետության քարտեզը ինքնիշխանության, անկախության և պետականության խորհրդանիշն է, իսկ պետությունը ամենակարևորն է։
Նա նշեց, որ այս ընտրության ժամանակ ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե ոչ։ Իրենք, որպես քաղաքական մեծամասնություն, չեն շարունակելու, իսկ մյուս ուժերը հայտարարում են, որ շարունակելու են, և ժողովուրդը պետք է որոշի, որովհետև շարունակել Ղարաբաղյան շարժումը նշանակում է պատերազմ, քանի որ Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Սա, ըստ նրա, պարզ ընտրություն է։
Նիկոլ Փաշինյան-ը նշեց նաև, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։ «Մեր հետ տեղի ունեցած պատմական բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ մենք թույլ ենք տվել, որ անընդհատ մեզ օգտագործեն ուրիշների դեմ՝ դա անվանելով գործընկերություն և այլն»,- ասաց նա։


