Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կազմակերպվել է մրցակցային գնման գործընթաց, երեք մասնակիցներ ներկայացրել են հայտեր, ինչի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ի պատասխան «Հերթական «հրատապը». 47,5 մլն դրամի պայմանագիրը՝ առանց մրցույթի» հոդվածի:
«Հայտնում եմ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից «խմածությունը չափող սարքերի պահեստամասերի» ձեռքբերման նպատակով 2025 թվականի հունվարի 21-ին կազմակերպված «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-Ա-18/2026» ծածկագրով էլեկտրոնային աճուրդը, «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, հայտարարվել է չկայացած՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներկայացված հայտերից որևէ մեկը չի համապատասխանել հրավերի պայմաններին։
Քանի որ գնման գործընթացի կազմակերպման ընթացքում առաջացել է չնախատեսված իրավիճակ, ինչի հետևանքով ձևավորվել է գնման անհետաձգելի պահանջ, նաև պատասխանատու ստորաբաժանման ներկայացրած հիմնավորմամբ այլ գնման ձևերի կիրառումը ժամկետային առումով անհնար է եղել, ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ, էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպել է մրցակցային գնման գործընթաց։ Երեք մասնակիցներ ներկայացրել են հայտ, ինչի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր»,- գրել է նա։


