Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վերջին շրջանում հաճախ ենք խոսում ժամանակների պատմական լինելու և մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: Մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով: Մենք սովոր ենք, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք: Հիմա ոչ մի բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք և դա առանց մեր կառավարման ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, դա արևն է»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. «Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք: Սրա համար առաջին հերթին պետք է մտածողության փոփոխություն: Լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, անընդհատ խոսվում է նրա մասին, որ ատոմակայան պետք է կառուցենք, երբ պիտի կառուցենք, ինչքան պետք է կառուցենք, որտեղ պետք է կառուցենք, մենք այս բանաձևերի շուրջ քննարկումների արդյունքում ՀՀ-ում երկու Մեծամորի ատոմակայան ենք ստեղծել: Գերմանիա կատարած իմ այցի ընթացում լավ նորությունով վերադարձա, պարզվեց, որ արևայինն արդեն իսկ արտադրում է և՛ ակտիվ, և՛ ռեակտիվ, և՛ մնացած բոլոր տեսակները: Հացի տեսակներ կան՝ լավաշ, մատնաքաշ, բուխանկա, հիմա էլեկտրական հացի բոլոր տեսակներն արևային էներգետիկան արտադրում է»:


