Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ՊՀԾ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն, ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ԿԳՄՍՆ այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Ազգային դպրոցական սննդի ծրագրի բրազիլական փորձի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով, որ Բրազիլիայի դպրոցական սննդի ծրագիրը համարվում է աշխարհում ամենախոշորներից մեկը։ Նրա խոսքով՝ «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում բրազիլական փորձի ուսումնասիրությունն էապես աջակցել են հայկական կողմին:
Արաքսիա Սվաջյանը շեշտել է՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը վաղուց դուրս է եկել սովորողներին սնունդ տրամադրելու շրջանակից և դարձել կրթության և դաստիարակության բաղադրիչ, որի շնորհիվ երեխաները փոքր տարիքից գիտելիք են ստանում առողջ սննդի և առողջ ապրելակերպի վերաբերյալ։
2023 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումն ամբողջությամբ փոխանցել է ՀՀ Կառավարությանը, ու այժմ այն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Ծրագրի ազգայնացումն իրականացվել է փուլային եղանակով՝ դպրոցական ճաշարանների վերանորոգումից, կահավորումից և տաք սննդին անցումից հետո: Այսօր արդեն հանրապետության բոլոր մարզային դպրոցների տարրական դասարանների ավելի քան 106 հազար երեխաներ ստանում են դպրոցական սննունդ՝ և առավելապես ապահովված են տաք սննդի բաղադրիչով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ ծրագրի նոր փուլով նախատեսվում է ՀՀ մարզերի 159 դպրոցում հիմնել դպրոցամերձ ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ: Այս մոտեցումը թույլ է տալիս դպրոցներին սեփական ռեսուրսներով ապահովել թարմ, առողջարար սննդամթերք՝ միաժամանակ ծառայելով որպես գործնական կրթության հարթակ աշակերտների համար: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը, ստանում ավելի առողջ սնունդ և միաժամանակ գիտելիքներ՝ ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։ Սեպտեմբերից ծրագիրը փորձնական ձևաչափով կներդրվի նաև մայրաքաղաքի որոշ դպրոցների տարրական դասարաններում:
Նախարարի տեղակալը նշել է նաև, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է դպրոցաշինության լայնածավալ ծրագրեր, որոնց շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում նոր դպրոցների խոհանոցային և ճաշարանային ենթակառուցվածքների կառուցմանն ու արդիականացմանը։ Նշվել է՝ ենթակառուցվածքների ստեղծումից հետո ծրագրի շարունակականությանն աջակցելու է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը:
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հաջողված փորձը կարող է օգտակար լինել տարբեր երկրների համար՝ կարևորելով նաև գործընկեր երկրներից արժեքավոր փորձ ստանալու հնարավորությունը։
Բրազիլիայի Պարենի համաշխարհային ծրագրի Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի՝ ծրագրի ազգայնացման և հաջողությամբ իրականացմանն ուղղված ջանքերը: Նա վերահաստատել է բրազիլական կողմի՝ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ձևավորել ազգային դպրոցական սննդի ծրագիր։ Բալաբանն ընդգծել է, որ իրենք սկսել են փոքր խմբերից, ինչպես այսօր անում է Հայաստանը, և աստիճանաբար ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կարևորվել է «Դպրոցական սնունդ» կոալիցիային Հայաստանի անդամակցությունը, ինչպես նաև Հայաստանը դպրոցական սննդի տարածաշրջանային ուսումնական և փորձի փոխանակման կենտրոն դարձնելու հնարավորությունը:

