Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Zarkerak - Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը
Zarkerak Zarkerak - Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը
Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը

Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը

Միջազգային հետազոտական խմբի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացումը ջերմային սթրեսն ուժեղացնում է ավելի արագ, քան ցույց են տալիս սովորական ջերմաստիճանային չափումները։ Առավել մտահոգիչ է այն փաստը, որ տարվա ամենաշոգ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ամենաշոգ օրերը՝ մարդու օրգանիզմին զրկելով ցերեկային շոգից հետո վերականգնվելու հնարավորությունից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Climate Change գիտական ամսագրում։

Գիտնականները ջերմային սթրեսի փոփոխությունները գնահատել են Ջերմային կլիմայի համընդհանուր ինդեքսի (UTCI, Universal Thermal Climate Index) միջոցով, որը հաշվի է առնում ոչ միայն օդի ջերմաստիճանը, այլև օդի խոնավությունը, քամու արագությունը և արևային ճառագայթումը։ Այդ պատճառով UTCI-ն շատ ավելի ճշգրիտ է արտացոլում այն պայմանները, որոնց իրականում ենթարկվում է մարդու օրգանիզմը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տարվա 10 ամենաշոգ գիշերների ջերմային սթրեսը միջինում 📈աճում է 0,32 °C-ով յուրաքանչյուր տասնամյակում, մինչդեռ 10 ամենաշոգ օրերինը՝ 0,27 °C-ով։ Սա նշանակում է, որ գիշերային շոգն ուժեղանում է ավելի արագ, ինչի հետևանքով մեծանում են օրգանիզմի գերտաքացման, սրտանոթային բարդությունների և մահացության ռիսկերը, հատկապես տարեցների և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում։

Առավել զգալի փոփոխություններ են արձանագրվել մերձարևադարձային գոտիներում։ Այսօր Հյուսիսային Ամերիկայի հարավային հատվածը, Հարավային Եվրոպան, Աֆրիկայի հյուսիսն ու հարավը, ինչպես նաև Հարավային Ամերիկան 1970-ականների համեմատ ունեն մինչև 50 լրացուցիչ օր՝ ուժեղ կամ ծայրահեղ ջերմային սթրեսով։

Հետազոտության հեղինակները նաև հաշվարկել են, որ Երկրի բնակչության այն մասնաբաժինը, որը տարվա ընթացքում առնվազն մեկ օր ենթարկվում է ծայրահեղ ջերմային սթրեսի, աճել է 16%-ից մինչև 22%։ Սա նշանակում է, որ վերջին տասնամյակների ընթացքում ռիսկային խմբին ավելացել է մոտավորապես ևս մեկ միլիարդ մարդ։

Գիտնականների գնահատմամբ՝ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել առանձին շոգի ալիքների շրջանակներից։ Ջերմային սթրեսը գրեթե բոլոր մայրցամաքներում դարձել է ավելի հաճախակի, ավելի երկարատև և ավելի ինտենսիվ։ Այդ պատճառով նրանք կոչ են անում ակտիվորեն ներդնել վաղ նախազգուշացման համակարգեր, մշակել շոգից բնակչության պաշտպանության ծրագրեր, ձևավորել ավելի զով քաղաքային միջավայր և կլիմայական ռիսկերի գնահատման ժամանակ լայնորեն կիրառել ջերմային սթրեսի ցուցանիշները»։

03 Հուլիս, 2026 23:59
Վեր