Տների գների 20-30% աճ, հողերի, վարձերի գների աճ․ ինչպես կազդի  եկամտահարկի հետվերադարձի օրենքի դուրս գալը երևանամերձ մարզերից Zarkerak - Տների գների 20-30% աճ, հողերի, վարձերի գների աճ․ ինչպես կազդի եկամտահարկի հետվերադարձի օրենքի դուրս գալը երևանամերձ մարզերից
Zarkerak Zarkerak - Տների գների 20-30% աճ, հողերի, վարձերի գների աճ․ ինչպես կազդի եկամտահարկի հետվերադարձի օրենքի դուրս գալը երևանամերձ մարզերից
Տների գների 20-30% աճ, հողերի, վարձերի գների աճ․ ինչպես կազդի  եկամտահարկի հետվերադարձի օրենքի դուրս գալը երևանամերձ մարզերից

Տների գների 20-30% աճ, հողերի, վարձերի գների աճ․ ինչպես կազդի եկամտահարկի հետվերադարձի օրենքի դուրս գալը երևանամերձ մարզերից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եկամտային հարկի հետվերադարձի օրենքը շատ լուրջ ազդեցություն ունեցավ երևանամերձ մարզերի վրա՝ Արարատ, Արմավիր, Կոտայք ու Արագածոտն: Մեծ ծավալների կառուցապատում իրականացվեց, գործարքների քանակն անգամներով ավելացավ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը և նշեց, որ ամենաակտիվը Կոտայքի մարզն է:

Ըստ Հարությունովի՝ 1-2 տարվա ընթացքում այդ մարզերում 20-30 տոկոս աճ է տեղի ունեցել. «Երևանամերձ մարզերում 1քմ-ն միջինում 400-500 հազար դրամ է, օրինակ՝ Բագրևանդ փողոցի մի մայթը Երևան է, մի մայթը մարզ է, այսինքն՝ այդտեղ մարդիկ, որ գույք են ձեռք բերում, մեծ հաշվով կարելի է ասել Երևանի արվարձանում են գույք ձեռք բերում: Սա շատ լավ գործիք է շուկան ակտիվացնելու համար: Այդ տարածքները հետաքրքիր են, քանի որ մոտ են Երևան քաղաքին, բայց երևանամերձից այն կողմ մի քիչ բարդ է պատկերացնել այդ ակտիվությունը, քանի որ պետք է նաև համապատասխան ենթակառուցվածքներ և սոցիալական երաշխիքներ լինեն: Մենք նկատում ենք, որ կրթական հաստատությունները, բուժհաստատությունները մարզերում ակտիվ տեմպով վերանորոգվում են, բայց պետք է նաև բիզնեսին խրախուսող ծրագրեր լինեն, որ մարդիկ իրենց բիզնեսները տեղափոխեն այդ մարզեր, որ այդտեղի բնակչի համար պահանջարկ ստեղծվի, որ գույք ձեռք բերի, տրանսպորտային ենթակառուցվածքներ պետք է լինեն, օրինակ՝ մենք ունենք լավ ճանապարհներ, բայց արագընթաց գնացքներ չունենք»:

Անդրանիկ Հարությունովը նկատեց, որ այդ պարագայում բոլոր մարզերն էլ մեծ պոտենցիալ կունենան. «Այսօր Հայաստանը շատ  լավ ուղղություն է, օրինակ՝ կարող ենք տեսնել տարբեր շինհրապարակներում ոչ միայն հնդիկներ, պարսիկներ են աշխատում, այլև ուզբեկներ, տաջիկներ կան, որ մեզ մոտ գալիս են արտագնա աշխատանքի, այսինքն՝ աշխատուժի կարիք կա, Երևանում լավ են վարձատրում: Այսօր Ռուսաստանից մեծ պահանջարկ ունեցող ուղղություն է Հայաստանը, մարդիկ գալիս են այստեղ մշտական բնակության համար: Հիմա ռենովացիայի մասին ծրագիր կա, որը նաև նախատեսում է, որ այն մարդիկ, ովքեր Հայաստանում գույք ձեռք կբերեն ռենովացիայի ծրագրով, հնարավոր է նաև կացության քարտ ստանան»:

Հարությունովի կարծիքով՝ եկամտահարկի վերադարձով, երբ մարդիկ գույք են ձեռք բերում, կարելի է ասել գրեթե տոկոս չեն վճարում. «Ստացվում է  անտոկոս հիփոթեք, իսկ հիփոթեքային տոկոսները մեր երկրում շատ բարձր են, միջինում 12.5-ից 13 տոկոս է, եթե այդ հաշվարկով տեսնենք երկրորդային շուկայում, որտեղ եկամտահարկը չի գործում, հիփոթեքային գործարքներ համարյա չկան: Շատ հարմար ու հասանելի գներ են, երբ երևանամերձ մարզերում եկամտահարկով տուն ես ձեռք բերում, օրինակ՝ 18-30 միլիոն դրամի մեջ, իսկ այսօվա շուկայական պայմաններում շատ նորմալ գին է»:

Ըստ մեր զրուցակցի՝ հողերի գների մասով էլ թանկացում կա. «Եթե ինչ-որ մի բանի մասով մեծ պահանջարկ է լինում, բնականաբար գներն էլ են փոխվում: Գրեթե բոլոր հողերն էլ ունեն սեփականատերեր, նրանք էլ իրենք են կողմնորոշվում այդ պահին շուկայում ինչ գնով վաճառեն, իսկ երբ մի բանը վաճառվում է  բարձր գնով, ուրեմն շուկայում այդքան է գինը, սա վերջին տարիների արդյունքն է: Մենք փոքր երկրում ենք ապրում, երբ հարևան երկրներում ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, այդտեղից միգրացիա է լինում, եթե 100 հազար հոգի գնում է Ղազախստան ու 100 հազար հոգի գալիս է Հայաստան, Ղազախստանի անշարժ գույքի շուկայի վրա այնպիսի մեծ ազդեցություն չի ունենում, ինչքան Հայաստանի»:

2027-ի հունվարի 1-ից հիփոթեքային տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի օրենքը դուրս կգա երևանամերձ մարզերից: Հարցին, թե ինչպես դա կարող է ազդել շուկայի վրա՝ Հարությունովն ասաց. «Շուկայի շատ պասիվանալու կանխատեսումներ կային, երբ Երևանից էր ծրագիրը դուրս գալիս, բայց եթե տեսնում ենք վերջին 2 տարվա Երևանի ցուցանիշները՝ նման խնդիր չի եղել, որովհետև շուկան արդեն ինքնակարգավորվում է: Կառուցապատողները սկսում են պրոդուկտներ մտածել, որ գնորդների վճարման բեռն ավելի թեթև լինի, օրինակ՝ կառուցապատողների մեծ մասը 3-7 տարի տարաժամկետ վճարման հնարավորություն է տալիս ու գործարքների քանակը բավականին մեծ է: Իհարկե, եկամտահարկի օրենքի երևանամերձ մարզերից դուրս գալուց հետո կարող է առաջին 5-6 ամիսներին որոշակի պասիվություն լինել, բայց դրանից հետո արդեն այն պրոդուկտները, որոնք կառաջարկեն կառուցապատողները՝ շուկան կաշխուժացնի»:

Անդրադառնալով մարզերում վարձով բնակարանների գների խնդրին՝ Հարությունովը նշեց. «Վարձով տների մասով խնդիր կա, պաշտոնական վիճակագրությունն այնպես չի, որ համընկնում է իրականության հետ, քանի որ մեր երկրում հիմնականում  վարձակալության շուկայի 95 տոկոսը պետական գրանցում չի ստանում: Բնականաբար, գները բարձրացել են, որովհետև պահանջարկ կա, տեղ կա կարող է մինչև 50 տոկոս թանկացած լինի, բայց, ընդհանուր առմամբ, այս տարի փոփոխությունը 20-30 տոկոս է եղել»:

Ինչ վերաբերում է արցախցիների մարզերում բնակարան ձեռք բերելու հարցին՝ Հարությունովն ասաց. «Այս տարի արցախցիները բավականին ակտիվ էին, սերտիֆիկատներով գալիս էին և բնակարան ձեռք բերում: Նույնիսկ կարող եմ ասել, որ ուշացած են գալիս, որովհետև ամեն տարի գնաճ է տեղի ունենում, այսինքն՝ եթե մի ընտանիքը միջինում ստանում է 5 սերտիֆիկատ, երևանամերձ մարզում մեկն արժե 4 միլիոն, 20 միլիոնի աջակցություն ուներ պետության կողմից, անցյալ տարի այն բնակարանը, որը կգներ 25 միլիոնով, 5 միլիոնը հիփոթեք կաներ, արդեն այս տարի կգնի 35 կամ 37 միլիոնով»:

Հիշեցնենք, որ հաջորդ տարվանից եկամտահարկի հետվերադարձի օրենքը կգործի միայն Տավուշում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում ու Վայոց ձորում:

 

Աննա Բզնունի

03 Նոյեմբեր, 2026 14:37
Վեր