Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կարծում եմ իսկապես իրատեսական է տնտեսության 5.8 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության ներկայացրած կանխատեսումը, եթե հաշվի առնենք այն միտումները, որոնք ունեցել ենք վերջին 2-3 տարիների ընթացքում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սոս Խաչիկյանը՝ անդրադառնալով Կառավարության ներկայացրած 2027 թվականի բյուջեի նախագծին:
Տնտեսագետի գնահատմամբ Հայաստանի տնտեսության ու բյուջեի աճը հիմնականում կապված են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության և Մերձավոր արևելքում շարունակվող համակամարտության հետ, որոնց արդյունքում դեպի Հայաստան որոշակի ֆինանսական հոսքեր են կատարվել:
«Սրանք իրենց դրական դերը ըստ էության կունենան, քանի որ այդ ֆինանսական հոսքերը իրենց մեջ ներառում են նաև բիզնեսների տեղափոխում և շինարարության ոլորտում առաջընթացի ապահովում, ինչի արդյունքում տեսնում ենք ինչպես տեղի բնակչության, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների կողմից բնակարանների մեծ պահանջարկ: Սրանք բոլորը գործոններ են, որոնք ազդում են տնտեսության ձևավորման վրա: Այսինքն, եթե հարակից տարածաշծրջաններում լարվածությունները պահպանվեն և մեր տարածաշրջանը շարունակի մնալ կայուն, ապա դա ինքին կշարունակի նպաստել տնտեսական աճին»,-ասաց Խաչիկյանը:
Տնտեսագետը նշեց, որ բյուջեն ձևավորվում է նախորդ տարիների շարժերի վերլուծության ու կանխատեսումների վրա:
«Հաշվի առնելով նախորդ տարվա դինամիկան, մոտեցումը և միտումները, կարծում եմ, որ բյուջեի նախագիծը իրատեսական է, քանի որ նախորդ տարիներին որոշակի քանակությամբ բիզնեսներ են տեղափոխվել Հայաստան, որոշակի քանակով տնտեսվարողներ են ավելացել, ստվերից վարչարարության արդյունքում ինչ-որ եկամուտներ են ի հայտ եկել և այլն: Հնարավոր է ընթացքում լինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, որոնք կխոչընդոտեն, կխանգարեն, բայց խոշոր հաշվով այն միտումները, որ կան դրանց հիման վրա կատարված կանխատեսումները դրական պատկեր է ցույց տալիս»,-ասաց տնտեսագետը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստան կամ ԵԱՏՄ այլ երկրներ արտահանման ներկա խնդիրների համատեքստն ու ԵՄ արտհանման հնարավորությունների սահմանափակումները չեն կարող բացասական անդրադարձ ունենալ տնտեսական աճի վրա, Խաչիկյանը պատասխանեց. «Այս արտահանումները Հայաստանի տնտեսական աճի վրա ունեն բավականին թույլ ազդեցություն: Նույնիսկ երկու տարի առաջ, երբ Ռուսաստանը որևէ սահմանափակում դեռ չէր ներդրել և արտահանումները իրենց բնականոն ձևաչափով իրականացվում էին դրանց ազդեցությունը տնտեսական աճի վրա մեծ չէր, որովհետև մենք այնքան էլ շատ արտահանելու ապրանքներ չունենք: Իհարկե ինչ-որ առումով ունի իր բացասական ազդեցությունը, բայց դա մեծ չէ և նույնիսկ աննշան է: Եթե նայենք տնտեսության կառուցվածքը ապա կտեսնենք, որ տնտեսության աճի վրա ազդող հիմնական գործոնները օրինակ՝ հանքարդյունաբերությունն է, շինարարությունը, ծառայությունների ոլորտը, որոնցից որևէ մեկը պայմանավորված չէ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի սահմանափակումներով: Սրանք ՀՆԱ-ի ձևավորման և տնտեսության աճի կարևոր ուղղություններն են: Մյուս մասը, օրինակ՝ գյուղոլորտը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ փոքր կշիռ ունի և արտհանման մեջ»:
Խաչիկյանը նաև ընդգծեց, որ դեռևս հավակնոտ բյուջե պետք չէ ունենալ, իսկ առկա բյուջեն ստանդարտ տնտեսական աճ ապահովող կայուն բյուջե է:
Ըստ նրա հավակնոտ բյուջեի համար որքան էլ ռեսուրս ունենա Հայաստանը, միևնույնն է հարակից տարածաշրջաններում մեծ է անորոշությունների ռիսկը և անկանխատեսելի իրավիճակներ կարող են հաճախ լինել: Սա նաև կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանի հաղորդակցության ուղիները դեռ սահմանափակ են, իսկ հաղորդակցության ուղիները տնտեսական աճի ապահովման կարևոր ոլորտներից ու ուղղություններից են:
Խաչիկյանի գնահատմամբ ընդհանրապես հավակնոտ բյուջե Հայաստանին անհրաժեշտ է որպեսզի հնարավոր լինի սպասարկել անվտանգային խնդիրները՝ բխած տարածաշրջանային վայրիվերումների շրջանակներում արտաքին սպառնալիքներից:
«Նման հավակնոտ բյուջե ունենալ հնարավոր է, իմ կարծիքով, մեր արագ միջազգայնացմամբ ՝ հնարավորինս շատ տնտեսական և անվտանգային նախագծերին ունեցող մասնակցությամբ, որոնք կկարողանան ինչ-որ առումով ապահովագրել արտաքին շոկերից: Ներսում որքան էլ մենք արդիականացնենք մեր ռեսուրսները, որոնք իրհարկե կարևոր են, միաևնույնն է անհրաժեշտություն կա, որպեսզի մենք ինտեգրվենք միջազգային տնտեսական այնպիսի խոշոր նախագծերի մեջ, ինչպիսին է ԹՐԻՓՓ-ը, Հյուսիս-հարավ ճանապարհը, տվյալների գերհզոր կենտրոնների ստեղծումը և այլն: 2027-ի բյուջեի նախագիծը այժմ դրված է ցուցանիշների մակարդակով և տեսնենք, թե որքանով է իրականացվում կատարողական մակարդակում, քանի որ Կառավարությունը ուներ 2021-2026 թվականների ծրագիր և տեսանք, որ տնտեսական աճի խոշոր թիրախները իրականացվել են»,-ասաց տնտեսագետը:
Խաչիկյանը դժվարացավ նշել, թե քանի տոկոսային կետով կարող է աճել ՀՆԱ-ն, սակայն նշեց, որ այն ներկա պահին 30 մլրդ դոլարից ավել է: Իր գնահատմամբ տնտեսական աճի ու ՀՆԱ-ի աճի ցուցանիշները ըստ էության նույն մակարդակում են և եկող տարի ևս կարող ենք ունենալ նույն ցուցանիշը:
«Իսկապես տնտեսական աճի ցուցանիշը ՀՆԱ-ի բարելավմանն է միանշանակ տարել և այդ նույն համամասնությամբ աճ կունենանք»,-ասաց նա:
Տնտեսագետի գնահատմամբ Հայաստանում այժմ եկամուտների աճ կա և դա կյանքի պայմանների բարելավման և բարեկեցության ցուցիչ է:
«Զուգահեռաբար տեսնում ենք խոշոր տեխնոլոգիական վաճառքի ընկերությունների, մեքենաների, բնակարանաշինության ոլորտի զարգացում և սպառման մակարդակի բարձրացում, որը խոսում է հենց մարդականց եկամուտների ավելացման մասին: Մարդիկ, եթե բարեկեցություն չունենան իրենց այսպիսի շքեղություններ թույլ չեն տա: Հիմա բանկերի, թե այլ ծառայությունների միջոցով այս հնարավորությունները կան»,-ասաց նա:
Խաչիկյանը նաև նշեց, որ վարկավորումների տեսքով բանկային ոլորտի մեծ ակտիվությունը մարդկանց կյանքում այնքան էլ չի ազդում մարդկանց բարեկեցության վրա: Ըստ տնտեսագետի դա նույնիսկ դրական առումով է ազդում, որովհետև բանկերը գնահատում են ռիսկերը և եթե բանկերի ցուցանիշներն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ վարկի տեղաբաշխման ծավալները բավականին մեծ են իսկ ռիսկայնությունը՝ փոքր, ինչը նշանակում է, որ անհատների կամ տնտեսվարողների կողմից վերցրած վարկի վճարման առումով բանկերը խնդիրներ չունեն:
Միևնույն ժամանակ Խաչիկյանը չբացառեց, որ լոկալ ու տեղական մակարդակում կան խնդիրներ՝ կապված բնակչության ոչ այնքան ապահով խավի վճարունակության հետ, սակայն ընդհանուր վերցրած բնակչության վճարունակությունը բարձր է:
Ըստ Խաչիկյանի եկող տարի տնտեսական աճը փոխկապակցված կլինի կրկին այն նույն ոլորտների զարգացման հետ, ինչ այս և նախորդ տարիներին է եղել՝ ծառայությունների, հանքարդյունաբերության և շինարարության հետ:
«Հաշվի առնելով նաև, որ հանքարդյունաբերության ոլորտում նոր խաղացող կարող է լինել ի դեմս «Ամուլսարի», որտեղ մոտ 750 մլրդ դոլարի չափով ներդրումային ծրագրեր կան նախատեսված, հաշվի առնելով, որ ծառայությունների ոլորտում «Firebirds»-ը կընդլայնի իր գործունեությունը, ինչպես նաև ներդրումների նոր շրջանակները, որոնք կարող են լինել եկող և հետագա տարիների համար կարծում եմ տնտեսական աճը կապահովվի նույնիսկ առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,-ասաց տնտեսագետը:


