Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր մոտեցումը հստակ է, բոլոր այն դեպքերում, երբ որ գործ ունենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հետ, մասնավորապես իրացման դեպքերի կամ իրացման օժանդակության հետ կապված դեպքերի, պարտադիր միջնորդում ենք, որ այդպիսի անձանց նկատմամբ խափանման միջոցը ընտրվի կալանքը: Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին:
Պողոսյանը նշեց, որ բացառություն արվում է միայն այն դեպքերում, երբ անձը համաձայնվում է համագործակցել գերատեսչության հետ՝ մատնանշելով այն անձին կամ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը կամ հանցավոր կազմակերպության որոշ շրջանակներին:
«Վիճակագրությամբ կարծես թե դեպքերի նվազում ունենք զենքի ապօրինի շրջանառության և թմրանյութերի ապօրինի շրջանառության մասով, բայց ես ինքս հակված չեմ, որ այդ դեպքերի վիճակագրություններն ամբողջությամբ արտացոլում են իրավիճակը: Մենք Կենտրոնական մարմնում ունենք առանձին մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվում է այն խոշոր դեպքերով ու գործերով, որոնք որ բացահայտվում են և դրանով ունենք հսկայածավալ բացահայտումներ: Ըստ վիճակագրության՝ նախորդ տարիներին դատարան ուղարկված գործերի ու մեղադրյալների քանակը ու հայտնաբերված թմրամիջոցների ծավալը էականորեն տարբեր թվերի մասին են խոսում»,-ասաց Պողոսյանը:
Նա նաև ընդգծեց, որ խնդիրը օրենսդրության մեջ չէ, խնդիրը հենց թմրանյութի ներթափանցման կանխման հետ են կապված, որպեսզի մաքսանենգության պահին բացահայտվեն և Հայաստան մտցնելուց հետո չբաժանվեն փոքր ծավալների, քանի որ հետագայում դրանց բացահայտումը էականորեն բարդանալու է:
«Հիմա թմրամիջոցների այնպիսի տեսակներ են հայտնվել, որ փորձաքննությամբ պարզում ենք որ այսինչ նյութի մեջ կա թմրանյութ կամ թմրեցնող ազդեցություն ունի, բայց տեսակը մեր ունեցած ցանկում չկա, նոր տեսակի թմրանյութ ենք հայտնաբերել, անհայտ ծագման: Արդյունքում չենք կարող լուծել անձի քրեական պատասխանատվության հարցը»,-ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ կան որոշակի խնդիրներ հանցավոր սխեմայի բացահայտման հետ կապված:
«Օրինակ՝ մենք գիտենք, որ թմրանյութերի շրջանառության ու իրացման հետ կապված, երբ որ շահույթը ստանում են, դրանք փոխարինում են համապատասխան կրիպտոարժույթների և համապատասխան դրամապանակներով դրվում են շրջանառության մեջ: Հիմա ամբողջ աշխարհն է բախվում այն խնդրին, երբ որ հնարավոր չէ բացահայտել թե հետագծելիությունը, այսինքն այն կարևոր անձը, որը թմրամիջոցների շահույթից ստանում է եկամուտները»,-ասաց Քննչական կոմիտեի նախագահը:
Ըստ նրա՝ խնդիր կա նաև տելեգրամյան ալիքներով թմրանյութերի վաճառքի բացահայտման հետ, քանի, որ կոնկրետ այդ տելեգրամյան ալիքները վարողներին բացահայտելու աշխատանքները բավականին բարդ են, սակայն ոչ անհնար:
Պողոսյանը հստակեցրեց, որ ԱՄՆ-ի գործընկերների հետ փորձի փոխանակման համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել և շուտով մասնագետներ կժամանեն Հայաստան՝ կարգավորելու նաև ծրագրային ապահովման հետ կապված որոշ հարցեր:


