Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սահմանադրության տեքստի հրապարկումը նշանակում է, որ խորհուրդն ավելի ինտենսիվ պետք է աշխատի: Մինչև այս պահը տեքստի գրեթե 80 տոկոս կարգավորումները խորհրդի հետ քննարկված են եղել, մյուս 20 տոկոսը, եթե հասցնենք կքննարկենք մինչև տեքստի հրապարակումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարը նշեց, որ նախագիծը, որը կհրապարակվի՝ կրելու է նախնական բնույթ. «Այսինքն՝ դա լինելու է փոփոխությունների, լրամշակումների ենթակա նախագիծ: Շատ հարցեր քննարկել ենք, որոշ հարցերի շուրջ քվերակություն եղել է, որոշների շուրջ չի եղել: Լեգիտիմ է այն, ինչը համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին: Մենք ունենք խորհրդարանում ձայների այնպիսի բաշխվածություն, որ որպեսզի Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, պետք է որոշակի շեմ հաղթահարվի: Ընդդիմությունը կարող է որոշել՝ ինքը կողմ է, որպեսզի ժողովրդավարությունը գործի, թե կողմ չէ: Կարող է ընդդիմությանն ընտրողները կողմ են հանրաքվեին: Էական է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Սահմանադրությունը հնարավոր կլինի փոխել միայն հանրաքվեով, ժողովուրդը պետք է որոշի: Ընդդիմությունն ի՞նչ ունի վախենալու»:
Խոսելով «ալիևյան» սահմանադրություն ձևակերպման մասին՝ Գալյանն ասաց. «Իրենք գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ: Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ և մենք ուզում ենք, որ ժողովուրդը որոշի: Ընդդիմությունը չտեսնելով նախագիծը, չծանոթանալով դրա բովանդակությանը քարոզարշավ է անում՝ ոչ, ասելով, որ սա սրա Սահմանադրությունն է, սա մեր Սահմանադրությունն է: Ասում են՝ սա Ալիևի սահմանադրություն է, ես համաձայն չեմ, ինձ մի բան է հետաքրքիր՝ մենք ունենանք խաղաղ, անվտանգ, կայուն ու հարատև զարգացող պետություն»:


