Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արագած գյուղում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ Վաղարշապատցու բացարձակ վստահությունը։ Այդ մտքով ես այսօր այստեղ եմ»։
Նա նկատեց, որ այս պահին չգիտեն՝ քանի ուժ կանցնի, որ ուժերը կանցնեն ավագանի, հետեւաբար, այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, որը հենվելու է ենթադրությունների վրա։
Խոսելով հնարավոր խախտումների մասին, Մեխակյանն ասաց.«Ովքեր ահազանգեր ունեն, ես առաջարկում եմ թող մոտենան ոստիկանություն, որովհետեւ դրա պատասխանատուն ոստիկանությունն է»։
Նա ընդգծեց, որ բնականաբար, ունի վարչապետի աջակցությունը, այլապես չէր կարող առաջադրվել ՔՊ-ի թեկնածու.«Մենք նման օրակարգ չենք ունեցել, որ վարչապետը պետք է գար քարոզարշավի Վաղարշապատ։ Մենք նույնիսկ հանրահավաք չէինք էլ պլանավորել։ Ուղղակի քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացած դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլեր իրականացնել։
Մենք ունենք ակտիվ կուսակցականներ, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ գալիս են։ Ես առաջարկում եմ՝ դեմքերով իդենտիֆիկացնել, թե մեր հանրահավաքին քանիսն են Վաղարշապատից, քանիսն են այլ տեղերից»,–ասաց նա։
Հարցին՝ եթե չհաղթի, ի՞նչ պատասխան է տալու Նիկոլ Փաշինյանին, Մեխակյանն ասաց. «Մենք կայացած քաղաքական ուժ ենք, մեր անելիքներն ընտրությունում հաղթելու, պարտվելու հետ կապված տեսել եք»։


