Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Լուրերի» նկարահանող խմբերը վաղ առավոտից Վաղարշապատում էին, թղթակիցները հետևել են քվեարկության ընթացքին, իսկ այս պահին հետևում են քվեների հաշվարկին:
Լրագրող Իրինա Մկրտչյանը թիվ 14/23 ընտրական տեղամասում հետևել է ձայների հաշվարկին:
Նրա խոսքով՝ այս ընտրատեղամասում և բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ վաղ առավոտից եղել են, դիտվել է բավականին ակտիվ մասնակցություն:
Ակտիվությունը պահպանվել է ողջ օրվա ընթացքում, ինչը փաստել են նաև հանձնաժողովների նախագահները:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը Մկրտչյանի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ խախտումներ են գրանցվել ողջ օրվա ընթացքում:
«Բավական հանգիստ քվեարկության օր էր: Ժամը 20.00-ի դրությամբ չենք ֆիքսել մի այնպիսի խախտում, որը մեր գնահատմամբ, պարունակեր հանցագործության տարրեր՝ հաշվի առնելով, որ խոսքը 47 ընտրատեղամասի մասին է: Սա, ըստ իս, վատ արդյունք չէ, տեսնենք, թե հաշվարկի արդյունքում ինչ դեպքեր կարող են լինել: Ինչ վերաբերում է կրկնակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության ահազանգերին, ապա մենք ստուգել ենք բոլոր այդ ահազանգերը հատ առ հատ:
Եթե կարճ՝ ապա այնպիսի մի դեպք, որը եղել է այլ անձի փոխարեն քվեարկություն կամ կրկնակի քվեարկության փորձ, չի եղել»,- հայտնեց Իոաննիսյանը:


