Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են «Անկախ դիտորդ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած դիմումները։
Ինչպես հայտնում են կԸՀ-ից, վերջինս պահանջել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ընտրություններում որպես տեղական դիտորդներ գրանցված «Պառլամենտարիզմի միջազգային կենտրոն», «Հայաքվե» և «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» դիտորդական առաքելությունների գրանցումներն ուժը կորցրած ճանաչել։ ԿԸՀ-ն մերժել է Դանիել Իոաննիսյանի դիմումների հիման վրա վարչական վարույթի հարուցումը և սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում քննարկել դիմումներում ներկայացված հանգամանքները։
Վարչական վարույթի շրջանակներում դիմումներում բերված հանգամանքների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մտահոգող հարցերի շուրջ ԿԸՀ-ն պարզաբանումներ է պահանջել վարույթի մասնակիցներից։
Վարույթի մասնակից վերը նշված երեք դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մոտեցումները և պարզաբանումները, պարտավորվել են միջոցներ ձեռնարկել ԿԸՀ-ի կողմից բարձրացված մտահոգությունները փարատելու և հնարավոր խախտումները բացառելու նպատակով։
Շուրջ 10 ժամ տևած նիստի արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է կարճել իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը։


