Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անկախ դիտորդը» 4 կազմակերպությունների կազմով շարունակում է դիտորդություն իրականացնել Վաղարշապատի խոշորացված համայնքում։ Ժամը 18։30-ի դրությամբ՝ մեր դիտորդներն արդեն եղել են բոլոր ընտրական տեղամասերում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Արձանագրել ենք 20 խախտում, որոնցից ընթացակարգային են եղել 9-ը։ Խախտումներից 15-ը տեղամսաի ներսում էին, 5-ը՝ մերձակա տարածքում։ Ըստ էության, առանձնահատուկ և հիշարժան էին հետևյալները. 14/20 տեղամասում ընտրողը փորձել է բաց քվեարկել, և դիտորդը դիտողություն է արել, որից հետո ընտրողը վրդովվել և հեռացել է։ Ընտրական հանձնաժողովը որոշել է, որ պետք է քվեաթերթիկը մարի և պատռված գցի քվեատուփի մեջ։ Մենք քննարկեցինք և եկանք եզրակացության, որ դա հանցակազմ չի պարունակում, բայց խնդրահարույց պահվածք է։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ուշադրությունն ենք այդ դեպքին հրավիրել։ 14/37-ում նման մի իրավիճակ է եղել։
14/29-ում մի քիչ կուրիոզ իրավիճակ է եղել այն առումով, որ ինչ-որ մի պահի պարզվել է, որ քվեատուփը կապարակնքված չէ։ Երբ մեր դիտորդը փորձել է հասկանալ՝ ինչու կապարակնքված չէ, հանձնաժողովի նախագահն ասել է, որ իրեն «Հայաքվեի» դիտորդներն են ասել չկապարակնքել։
Երկու տեղամասերում՝ թիվ 23-ում և 25-ում արձանագրվել է «Հաղթանակ» դաշինքի 3 վստահված անձերի միաժամանակյա գտնվելը»,- նշեց նա։
Իոաննիսյանի խոսքով՝ եղել են այլ անձի փոխարեն քվեարկության ահազանգեր 5 տեղամասերից։ «Մասնավորապես այնպիսի ահազանգեր, որոնք հրապարակային համացանցում եղել են, եղել են թիվ 10, 34, 38, 36, 46 ընտրական տեղամասերից։ Մեր դիտորդներն այցելել են այդ բոլոր տեղամասերը։ Երկուսը ես անձամբ եմ այցելել և պարզել, որ ոչ մի դեպքում այլ անձի փոխարեն քվեարկություն չկա։ Ի՞նչ է իրականում եղել. ընտրողը եկել է, էլեկտրոնային գրանցման սարքով անցել է, սարքը կանաչ լույս է վառել, քվեարկւթյան կտրոնը տպվել է, բայց երբ ընտրողը փորձել է ստորագրել, պարզել է, որ իր անվան դիմաց կա ստորագրություն։ Ի՞նչ են պարզել հանձնաժողովներում դիտորդների և վստահված անձանց ներկայությամբ և կոնսենսուսային համաձայնությամբ. այն, որ վերևի կամ ներքևի տողի ընտրողը պատահաբար սխալ տողում է ստորագրել։ 46-ում մի քիչ ուրիշ իրավիճակ է եղել. ընտրողը ինքը քվեարկել է, հետո իր հարազատին օգնելու ցանկություն է հայտնել, ասել են գնա գրանցվի գրանցամատյանում որպես օգնող, նա պտտվել և գնացել է էլեկտրոնային սարքի մոտ, որ նորից գրանցվի. սարքն էլ ասել է՝ դու քվեարկել ես, կարմիր լույս է վառվել։
Թիվ 34-ում հիմա իրավապահ մարմիններն են ստուգում իրականացնում»,- ասաց նա։


