Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իր նախկին ակումբին՝ ՊՍԺ-ին, մեղադրել է վնաս պատճառելու մեջ՝ պահանջելով 240 միլիոն եվրո փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը, փոխանցում է armsport.am-ը:
Այսօր Փարիզում ընթանում է ֆուտբոլիստի և ակումբի միջև աշխատանքային վեճի վերաբերյալ դատական նիստ։ Մբապեի կողմը պնդում է, որ ՊՍԺ-ն անօրինական կերպով չի վերաորակավորել նրա պայմանագիրը ժամկետայինից անժամկետի։ Բացի այդ, 26-ամյա հարձակվողը մեղադրում է փարիզյան ակումբին՝ իրեն 55 միլիոն եվրոյի չափով աշխատավարձ և բոնուսներ չվճարելու մեջ։
Իր հերթին, ՊՍԺ-ն 180 միլիոն եվրոյի հակընդդեմ հայց է ներկայացրել։ Ակումբը պնդում է, որ Մբապեն խախտել է այլ թիմ տեղափոխվելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը։ Աղբյուրը նաև նշում է, որ մինչ «Ռեալ» տեղափոխվելը, ֆուտբոլիստը մերժել էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» 300 միլիոն եվրոյի առաջարկը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն, ով ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թվականից, 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո չերկարաձգեց պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»։

