Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի ալ Օրայֆանն այսօր այցելել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։ Այցի նպատակն էր տեղում գնահատել կենտրոնի շենքային պայմանները և քննարկել հնարավոր համագործակցության նոր ուղղությունները։
Հաստատության ղեկավարության ուղեկցությամբ՝ վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել բնակիչների համար ստեղծված պայմաններին և խնամքի տրամադրման գործընթացներին։
Այցի ընթացքում քննարկվել են հաստատության շենքային պայմանների շարունակական բարելավման, միջավայրի հարմարավետության բարձրացման և մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։ Դիտարկվել է նաև Քուվեյթի Պետության կողմից հավելյալ աջակցության տրամադրման հնարավորությունը՝ կենտրոնի ենթակառուցվածքների արդիականացման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ։
Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության դերը՝ նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։ Նախարարի խոսքով՝ այս ներդրումը կարևոր և էական ազդեցություն է ունեցել կենտրոնի շահառուների կյանքի որակի բարձրացման վրա, ապահովելով առավել հարմարավետ և ներառական միջավայր։


