Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, երբ ես սեպտեմբեր ամսին իմ էջով երեք գրառում արեցի եկեղեցական մեր կյանքն աղճատող ու հասարակական անդորրը խաթարող, շտկման և վերանորոգման կարոտ երևույթների մասին, մի շարք հոգևորականներ, եկեղեցու տարատեսակ և կասկածելի ծագմամբ «պաշտպաններ», ֆեյքերեցներ, ֆեյքեր ու ֆեյքուհիներ շտապեցին կռահել, թե ես ընդվզում եմ եպիսկոպոսի կամ կաթողիկոսի դեմ և հավակնում եմ Լուսավորչի Թադեական Գահին։ Իրականության մեջ ես չէի տվել որևէ եպիսկոպոսի անուն, ոչ էլ ընդվզել էի կաթողիկոսի աթոռն զբաղեցրած անձի դեմ։ Փոխարենը ստանում էի և շարունակում եմ ստանալ աշխարհի ամենանողկալի լուտանքներն ու մեղադրանքները։ Ճեմարանի ընդունելության քննության անցողիկ շեմը հաղթահարելու անընդունակ ամեն պատահական երևույթ ինձ Հուդա էր կոչում։ Փողոցային, անդաստիարակ, անուղղելի սրիկայի վարք ունեցող իբրև թե «եպիսկոպոսներ» իրենց բնորոշ միջոցներով սպառնալիքներ էին փոխանցում ինձ, հետո՝ սեփական վախերին տուրք տալով, հերքում փոխանցված սպառնալիքները։ Հիմա, երբ մեր Սրբասուրբ Եկեղեցուն պատուհասած գլխավոր չարիքի դեմ ծառանում են իրավ սրբազաններ, որոշ հոգևորականներ հոգու պարտք են համարում չլռելը և հանդգնում են ամոթանք և աստվածաբանության դաս տալ եպիսկոպոսների, ովքեր իրենց խղճի մտոք և ի պաշտպանություն ճշմարտության սեփական արարքով են փաստել իրենց արդարասիրությունը։
Իմ խորին երախտագիտությունը, որդիական սերն ու շնորհակալությունն եմ հայտնում Գերաշնորհ Սրբազան Հայրեր Աբրահամ արք. Մկրտչյանին և Գևորգ եպս. Սարոյանին։


