Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025 թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների 30-րդ համաժողովի ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը։ Այս մասին տեղեկացնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
Նախագահության ստանձնման կապակցությամբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովը նշել է. «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանձնել այս պատասխանատու պաշտոնը։ Մեր նախագահությունն արտացոլելու է Հայաստանի անվերապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին։ Հայաստանը պատրաստ է ներդնելու իր փորձը տարաձայնությունները կամրջելու և կառուցողական լուծումներ գտնելու հարցում»:
Ընդհանուր հարցերով հանձնաժողովը ՔԶԱԿ մասնակից պետությունների համաժողովի կարևորագույն մարմինն է` բաղկացած ՔԶԱԿ մասնակից բոլոր պետություններից, որտեղ քննարկվում են բովանդակային հիմնական այն հարցերը, որոնց զգայունությունից ելնելով մասնակից պետությունների միջև հնարավոր չի եղել համաձայնության հասնել։ Այսպիսով, Հանձնաժողովի հիմնական գործառույթը վերջինիս հասցեագրված հարցերի վերաբերյալ մասնակից բոլոր պետությունների ներկայացրած առաջարկների դիտարկումը և կոնսենսուս ձևավորելու նպատակով բանակցությունների անցկացումն է։
Որպես նախագահող՝ Հայաստանին վերապահված է նշյալ քննարկումներն ու բանակցությունները համակարգելու գործառույթը՝ աշխատանքներ տանելով ներգրավված բոլոր կողմերի հետ։ Նախագահողը վճռորոշ դերակատարում ունի ոչ պաշտոնական խորհրդակցությունների անցկացման և բանակցությունների ուղղորդման գործում:

