Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 14-ին Վանաձորում անցկացված «Սերմից մինչև սեղան» միջոցառմանը առանձին տաղավարով ներկայացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Միջոցառման նպատակն էր մեկ հարթակում համախմբել Լոռու մարզի արտադրական, գիտական ներուժի, բնապահպանական նախաձեռնությունների և համայնքային զարգացման հնարավորությունները՝ տեղական էկոարտադրանքի ցուցադրություն-վաճառքի, գիտական բաց դասախոսությունների, վարպետության դասերի, խորհրդանշական ծառատունկի, գաստրոհյուրասիրության միջոցով։
Այն նաև հնարավորություն էր արտադրողների, գիտական շրջանակների, համայնքների և ոլորտային կառույցների միջև փորձի փոխանակման, առկա կարիքների վերհանման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման համար։
Միջոցառմանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը, ով անտառային ռեսուրսների կայուն օգտագործման համատեքստում ներկայացրել է կողմնակի անտառօգտագործման հնարավորությունները։ Որպես բնահենք արտադրության գործնական օրինակ՝ «Հայանտառի» ղեկավարը ներկայացրել է պետական արտադրանք մեղրը՝ ընդգծելով անտառային էկոհամակարգերի պահպանության և դրանցից ստացվող տնտեսական ու սոցիալական օգուտների փոխկապակցվածությունը։
Գարեգին Միրզոյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ քննարկել է «Հայանտառի» և համալսարանի համագործակցության հնարավորությունները մասնագիտական կողմնորոշման խթանման, անտառային ոլորտի մասնագետների պատրաստման, գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև անտառկառավարման և ակադեմիական համայնքների միջև պրակտիկ գործընկերության ձևավորման ուղղություններով։
«Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարի և աշխատակիցների մասնակցությամբ քննարկվել են նաև մասնաճյուղի ընթացիկ գործունեությանը, կառավարման արդյունավետությանն ու կազմակերպական աշխատանքների լավարկմանն առնչվող մի շարք հարցեր։
Միջոցառման երկրորդ հատվածում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, համայնքների և տեղական արտադրողների ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկմանը, ներկայացվել են ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները և արդյունքային ցուցանիշները, հատկանշվել է համայնքների կողմից անտառային ռեսուրսների պատասխանատու օգտագործման, ինչպես նաև անտառային ոլորտում համայնքների առավել արդյունավետ ներգրավվածության անհրաժեշտությունը։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև CBD COP17-ի շրջանակում Հայաստանի պետական անտառային հողերի կառավարումն իրականացնող կառույցի բովանդակային մասնակցությանը՝ «անտառից արժեք» մոտեցման համատեքստում։
WWF Armenia-ի տնօրեն Լևոն Աղասյանը ներկայացրել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան կառույցի աջակցության պատրաստակամությունը գործընկեր կազմակերպությունների՝ համաժողովի գոտիներում ներգրավված լինելու հարցում։
Երկօրյա միջոցառումն իրականացվել է Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի կազմակերպմամբ, COP17-ին ընդառաջ՝ «Հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում Հայաստանում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) միջոցով, WWF-Հայաստանի կողմից։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ծրագրի համակատարողն է։


