Բողոքների աճ` էսթետիկ կենտրոններից․  լիցենզիա, վերահսկողություն, պահանջատեր հաճախորդ, թե բարեխիղճ մասնագետ․  ո՞ւմ դաշտում է «գնդակը» Zarkerak - Բողոքների աճ` էսթետիկ կենտրոններից․ լիցենզիա, վերահսկողություն, պահանջատեր հաճախորդ, թե բարեխիղճ մասնագետ․ ո՞ւմ դաշտում է «գնդակը»
Zarkerak Zarkerak - Բողոքների աճ` էսթետիկ կենտրոններից․ լիցենզիա, վերահսկողություն, պահանջատեր հաճախորդ, թե բարեխիղճ մասնագետ․ ո՞ւմ դաշտում է «գնդակը»
Բողոքների աճ` էսթետիկ կենտրոններից․  լիցենզիա, վերահսկողություն, պահանջատեր հաճախորդ, թե բարեխիղճ մասնագետ․  ո՞ւմ դաշտում է «գնդակը»

Բողոքների աճ` էսթետիկ կենտրոններից․ լիցենզիա, վերահսկողություն, պահանջատեր հաճախորդ, թե բարեխիղճ մասնագետ․ ո՞ւմ դաշտում է «գնդակը»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին տարիներին պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություներից  բողոքների ավելացման միտում կա։   Այս մասին հայտնել են ԱԱՏՄ-ից՝ ի պատասխան Zarkerak.am-ի գրավոր հարցման:  Այսպիսով՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի  կողմից 2024 թ-ին պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հարուցվել է 18 վարչական վարույթ, որից 7-ը Տեսչական մարմնի  նախաձեռնությամբ:

Իրականացված վերահսկողության արդյունքում  արձանագրվել են «Բնակչության բժշկական օգնության  և սպասարկման մասին», «Լիցենզավորման  մասին»,«Գովազդի մասին» օրենքի խախտումներ, որոնց արդյունքում ընդունվել են վարչական ակտեր և տրվել են առաջադրանքներ՝ արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ, պատասխանատուները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝  տույժի, ինչպես նաև լիցենզիայի կասեցման միջնորդություն  է ներկայացվել լիազոր մարմին: Համապատասխան բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:

ԱԱՏՄ-ից հայտնել են նաև, որ 2024-ին նշված տնտեսվարողների վերաբերյալ ստացված  դիմում-բողոքների հիման վրա հարուցվել է 11 վարչական վարույթ:  ԱԱՏՄ-ի վերահսկողական  գործիքների շրջանակում էական դեր ունեն բողոքները, քանի որ տնտեսավորղ սուբյեկտների վերահսկողությունն իրականացվում է ոչ միայն ստուգումների տարեկան ծրագրով, այլ նաև ստացված  բողոքների հիման վրա, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությամբ:  

Հիշեցնենք,որ շաբաթներ առաջ  մասնավոր կլինիկայում գրանցվել էր դժբախտ դեպք՝ 56-ամյա կին էր մահացել: Դեպքը գրանցվել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, այցելուն վիրահատական սեղանին էր հայտնվել, որ ոտքի վրա  առաջացած փոքր գունդը և որովայնի ճարպը հեռացնեին:  

Կապ հաստատեցինք «Արթկոսմեդ» կենտրոնի հետ՝ լսելու համար նրանց դիտարկումը մահվան դեպքի և դրա պատճառների վերաբերյալ: Մեզ չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ: 

Նշենք, որ մինչ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողները կհայտնվեն ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում, դրանք նախ պետք է լիցենզավորվեն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:

«ՀՀ-ում գրանցված է կոսմետոլոգիական տեսակով 218 լիցենզավորված կազմակերպություն, պլաստիկ վերականգնողական՝ 89, որից հիվանդանոցային պայմաններում՝ 70, արտահիվանդանոցային պայմաններում՝ 19 կազմակերպություն», - Zarkerak.am -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ Նունե Ղուկասյանը: Ըստ նրա՝ կախված թե որ տեսակի համար են դիմում լիցենզիա ստանալու համար, պահանջներն ու պայմանները տարբեր են լինում:

Ղուկասյանի խոսքով՝  էսթետիկ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները հիմնականում ունեն կոսմետոլոգիական և էսթետիկ վիրաբուժական տեսակներ: Ըստ նրա՝  հաճախ լիցենզավորման հայտ են ներկայացնում կոսմետոլոգիական  ծառայություններ մատուցել ցանկացողները.«Լիցենզավորման համար  պետք է պարտադիր ներկայացնել կադաստրի վկայական ու շինության հատակագիծ:  Լիցենազավորվելուց հետո  գործունեությունը սկսելուց հինգ օր առաջ կազմակերպությունները ներկայացնում են կադրային փաստաթղթերը,  որ  դիտարկեք և արդեն տանք իրենց գործունեության թույլտվություն: Միայն լիցենզիա վերցնել չի նշանակում, որ իրենք կարող են գործունեություն իրականացնել, իրենք պետք է ներկայացնեն նաև նախարարությանն իրենց մասնագետներին՝ ավագ և միջին բուժաշխատողներին,  որպեսզի հասկանանք՝ համապատասխանու՞մ են պահանջներին, թե՞ ոչ»:

Ղուկասյանի մեկնաբանմամբ, եթե  դիմում են լիցենզավորելու համար էսթետիկ վիրաբուժական կենտրոն՝  վիրահատություններ անցկացնելու նպատակով, ապա պետք է մատուցվեն նաև անեսթեզոլոգիական և վերակենդանացման ծառայություններ.«Արտահիվանդանոցային պայմաններում լուրջ վիրահատությունների ու միջամտությունների մասին չենք կարող  խոսել»:  

Ըստ Ղուկասյանի, ԱՆ-ն վիճակագրություն չի վարում, թե տարեկան քանի դիմում է ստանում նշված ոլորտում լիցենզիա ստանալու համար.«Բայց, որպես  կանոն, մերժվողներ էլ կան: Մենք տալիս ենք  մերժման հրամանը, ներկայացնում դրա հիմքերը, լինում են դեպքեր, որ, խնդիրները շտկելով, նորից դիմում են լիցենզավորման համար»:  

Նունե Ղուկասյանը ունեցած գործիքները բավարար է համարում ոլորտը կառավարելի պահելու համար, բայց նշում է, դրանք դեռ կատարելագործելու անհրաժեշտություն կա: Նաև չի ժխտում, որ կան  օրենքի դաշտից դուրս՝ առանց լիցենզավորման աշխատող կենտրոններ, մասնագետներն էլ անգամ բժիշկ չեն: Այս հարցում ըստ նրա՝ ԱՆ-ն անելիք չունի, գնդակը ԱԱՏՄ-ի դաշտում է, որը պետք է ոչ միայն վերահսկի արդեն իսկ լիցենզավորված  կազմակերպություններին, այլ նաև գտնի ապօրինի գործունեություն ծավալողներին:

Ըստ նրա, այցելուներն էլ պետք է աչալուրջ լինեն, թե ուր են գնում և ում դիմում, ասում է մի պարզ օրինակ՝ ներարկումային միջամտությունների համար օգտագործվող նյութերը վերահսկողության չեն ենթարկվում պետական մարմինների կողմից, խնդիրը մտնում է բժշկի բարեխղճության դաշտ, վերջինս պետք է այն բացի այցելուի առաջ, ներկայացնի արտադրողին, նյութի ժամկետը, բայց այցելուն  ինքն էլ պետք է պահանջի դա անել.«Անգամ եթե տեսչականը վերահսկողություն է իրականացնում, բնականաբար դա մշտական չէ,  շատ ժամանակ քաղաքացիներն  իրենք կարող են ինչ-որ բաներ նկատել  ու բարձրաձայնել, հետևողական լինել»:  

ԱՆ ներկայացուցչի խոսքով՝  ոլորտում գործունեություն ծավալողները նաև գրավիչ գովազդներով են այցելուներ հավաքում. «Գովազդի համար ԱՆ-իկողմից թույլտվություն պետք է լինի  և քաղաքացին նույնպես պետք է հետևի՝ եթե գովազդում են, արդյոք դրա մեջ նշված է, որ գովազդը ԱՆ-ի կողմից  թույլատրված է: Մենք ուսումնասիրում ենք գովազդի հայտերը՝ լիցենզավորված կլինիկաներից»,- ասում է նա, բայց և չի բացառում, որ  կան նույնքան գրավիչ գովազդներ լիցենզավորում չանցած և վերահսկողական դաշտից դուրս մնացած  կենտրոններից:   

Հերացի համալսարանական հիվանդանոցի  Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի բժիշկ Մելիքսեթ Հովսեփյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշում է, որ մասնագիտական գործունեության յոթ տարիների ընթացքում իր կողմից իրականացվող քթի վիրահատություններն անցնում են հինգ հազարը, և պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ իրեն դիմել են արդեն իսկ մեկ այլ մասնագետի մոտ վիրահատության ենթարկվելուց հետո, այլ թվում՝ մասնավոր կլինիկաներում:

«Թե բժշկի, թե պացիենտի կամքից անկախ  կարող է կարիք առաջանալ երկրորդային վիրահատության: Ճիշտ է,  բժիշկը, այսպես ասած, պետք է  սխալվելու իրավունք չունենա, բայց մենք էլ որոշ դեպքերում թերանում ենք: Ամենակարևորն այն է, որ այդ թերացումները լինեն աննշան ու անդառնալի  չլինեն: Բայց լինում են  դեպքեր, որ թերություներն այնքան մեծ են լինում , որ անգամ պացիենտներին չենք  կարողանում օգնել»:

Մելիքսեթ Հովսեփյան

Ըստ բժշկի՝ սխալ արված վիրահատությունները կարող են հարուցել տարատեսակ խնդիրներ.«Պացիենտին զգուշացվում է, որ կարող է մասնակի խնդիրը լուծվի կամ լինում են դեպքեր՝ ընդհանրապես չլուծվի »:  

Ըստ բժշկի անհաջող վիրահատությունների խնդիրը դիտարկելիս հարցը ոչ այնքան կենտրոնի բնույթն է, որքան բժշկի մասնագիտական որակները, բայց և նկատում է.«Մասնավորում այսօրվա դրությամբ մենք խնդիրներ ենք ունենում, որովհետև, գուցե ասածս մի քիչ կոպիտ լինի, բայց շատ ռիսկեր հաշվի չեն առնվում,  իհարկե ունենք նաև շատ լավ մասնավոր կլինիկաներ, բայց դրանք այսօր շատ քիչ են»:

Ի դեպ, ամիսներ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ էսթետիկ բժշկությամբ զբաղվող կենտրոնները պարտավոր են ունենալ լիցենզիա: 

Շաբաթներ առաջ էլ նախարարը հայտնել էր.«Ընդհանուր առմամբ լիցենզավորման ոլորտում մենք գնում ենք պայմանների խստացման: Առաջիկայում կընդունվի կառավարության որոշման մի ամբողջ փաթեթ, որտեղ նաև այս գործունեության տեսակի համար լիցենզիոն պայմանները շատ ավելի բարձր նիշով են սահմանված լինելու»:

 

Մարիամ Մկրտչյան 

 

11 Նոյեմբեր, 2024 15:21
Վեր