Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ԱՄՆ-ում մեկ անգամ չէ, որ խնդիր է բարձրացվել այդ աջակցության վերաբերյալ: Ես իհարկե, համոզված եմ, որ վերջին հաշվով ԱՄՆ-ն չի կարող հրաժարվել USAID-ի նման գործիքից, ուղղակի այն վերանայելու խնդիր կա, թերևս այս պահին Թրամփը դա որպես լծակ է օգտագործում այն երկրների նկատմամբ, որտեղ այդ ծրագրերը կան: Տեսանելիորեն նրա բոլոր դիսկուրսները կապվում են ոչ այնքան այդ ծրագրերի արդյունավետության, որքան այդ երկրների վարած քաղաքականության հետ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 90 օրով USAID-ի նախաձեռնությունները սառեցնելու որոշմանը՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով՝ Թրամփն այժմ ուղղակի սարսափեցնում է այդ երկրներին, որովհետև նրանց համար USAID-ի օգնությունը բավականին շոշափելի է եղել. «USAID-ն իրականացրել է բազում ծրագրեր, որոնք առաջին հերթին եղել և մնում են տվյալ երկրի կառավարության պատասխանատվության խնդիրը: Նրանք իրենց վրա են վերցրել այդ բեռը և ահագին խնդիրներ են լուծել իրենց ծրագրերի միջոցով: Նույն Հայաստանի դեպքում, բազում լրատվամիջոցների անկախության ապահովումն այդ ծրագրերն են եղել, սոցիալ-տնտեսական ծրագրեր են եղել, որոնք իրականացվել են մարզերում, համայնքային ներգրավվածության ծրագրեր: Դրանք բոլորը որպես կանոն լինում են տվյալ երկրի կառավարության, իշխանության պատասխանատվության ներքո: Այժմ Թրամփը հասկացնում է, որ այդ բեռն ամբողջությամբ կթողնի այդ կառավարությունների վրա, եթե նրանք չվերանայեն իրենց քաղաքականությունը:
Թրամփի քաղաքականության շեշտադրումները դեռևս որքան էլ ամբողջական չեն երևում, այնուամենայնիվ տեսանելի է, որ դրանք կապ ունեն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի տարբեր ռեգիոններում միջամտությունների հետ, այդ երկրներին հասկացնում է, որ կա՛մ ԱՄՆ-ի հետ են, կա՛մ՝ մյուս ճամբարում, եթե մյուս ճամբարում են, ապա, բնականաբար, այդ երկրներում ֆինանսավորումը կդադարեցվի: Այստեղ իհարկե, կա այդ ծրագրերի արդյունավետության խնդիրը, հետևաբար միաժամանակ Թրամփը երկու խնդիր է լուծում»:
Անդրադառնալով Հայաստանի վրա այս որոշման ազդեցությանը՝ քաղաքագետն ընդգծեց. «Ցավոք, հայաստանյան քաղհասարակությունն այս տարիներին օբյեկտիվ պատճառներով չի կարողացել դիվերսիֆիկացնել իր աղբյուրները և այդչափ կախվածություն չունենալ դրամաշնորհներից, այդ կախվածությունը մնում է և այժմ այո, բազմաթիվ կազմակերպություններ, որոնք օգտվում են USAID-ի ծրագրերից՝ անշուշտ, լրջագույն խնդիրներ կունենան: Դժվարություններ կունենան, դա ցավալի է և անհասկանալի է, թե ինչու են ոմանք ուրախացել, որովհետև այդ վակուումը վատ կարող է անդրադառնալ Հայաստանի ժողովրդավարության վրա, սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա, որոնք իրականացվում են մարզերում այդ կազմակերպության կողմից: Տեսանելի է, որ այն մարդիկ, ովքեր ադպես չարախնդում են, ուղղակի սերտորեն կապ ունեն ռուսական նարատիվների, դրանց հետևում կանգնած անձանց հետ և նրանց նպատակն է՝ որքան վատ Հայաստանում, այնքան լավ իրենց համար»:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ այդ 90 օրվա մեջ տարբեր երկրներ պետք է վերանայեն իրենց գործելակերպը. «Անհատական մոտեցում է լինելու, ես վստահ եմ, որ այդ ծրագրերը շարունակվելու են, ուղղակի՝ ինչ ձևով՝ կախված է նաև ԱՄՆ-ում իրականացվող «մոնիթորինգից» և նաև տվյալ երկրի որդեգրած հետագա կուրսից»:
Սաֆարյանը Թրամփի նորամուտի շրջանը համարեց սարսափեցման շրջան և նշեց, որ որոշման վերանայում կլինի այն ժամանակ, երբ կլինեն տարբեր երկրների ռեակցիաները: