Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքում է։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Էնթերպրայզ Արմենիա» գործակալության գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և «Էնթերպրայզ Արմենիա»-ի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը։
Այցի նպատակն է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոնների հետ հաստատել բարձր մակարդակի գործընկերություն և քննարկել Հայաստանի հետ կիսահաղորդչային և էլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները։
Նոյեմբերի 12-ին նախարար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել CEA-Leti և Minalogic կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը և պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ընդգծելով դրա հիմնական ուղղությունները, կառուցվածքային բաղադրիչներն ու զարգացման ներուժը։ Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։
Նախարարը նշել է, որ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ խթանելով հետազոտությունները, ինժեներական լուծումները և նորարարական արտադրությունների զարգացումը։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի գիտական և արդյունաբերական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով մասնագիտական կապերի հաստատման, գիտակրթական փոխանակումների և համատեղ հետազոտական նախագծերի զարգացման կարևորությունը։
CEA-Leti-ի տեխնոլոգիական հետազոտությունների բաժնի տնօրեն և Գրենոբլի GIANT ինովացիոն համալիրի ղեկավար Ջուլի Գալանդը, ինչպես նաև Minalogic ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են կազմակերպությունների գործունեության շրջանակներն ու ընթացիկ նախագծերը։
Այնուհետև հայկական պատվիրակությունը «վիրտուալ» շրջայց է կատարել CEA-Leti-ում՝ ծանոթանալով ընկերության արտադրանքին, կիրառական լուծումներին, կենդանի ցուցադրություններին և արդյունաբերական կիրառությունների ցուցասրահին:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու գործընկերության խորացումը։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հնարավոր ուղիները զարգացնելու ուղղությամբ։
Նշենք, որ CEA-Leti ընկերությունը Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Այն ակտիվորեն համագործակցում է գիտական ու արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։


