Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ-ի հետ սկսել էինք վիզաների ազատականացման երկխոսություն, և արդեն նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է վիզաների ազատականացման գործողություների ծրագիրը: Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով միգրացիոն ոլորտում կարևոր նվաճմանը:
«Ուրախությամբ պիտի փաստեմ, որ մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են 74 կետում, արդեն իսկ իրականացվում են Կառավարության կողմից, որոշներն էլ ունեն համապատասխան ընթացք»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ կարևորը, թերևս, փաստաթղթերի անվտանգությունն է, և այս համատեքստում նա հայտարարեց, որ էական առաջընթաց կա բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ: Ֆրանսիական ընկերության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: Ընկերությունը ՀՀ-ում հիմնադրել է ՓԲԸ, որն էլ ակտիվ աշխատում է այս ծրագրի իրականացման ուղղությամբ:
«Պիտի փաստեմ, որ առաջիկայում կտեսնենք մեծածավալ շինարարական աշխատանքներ թե՛ Երևանում, թե՛ հանրապետության բոլոր մարզերում, որովհետև գրասենյակների շինարարության կտորն ակտիվ կերպով ընթանալու է առաջիկայում:
Նաև ընդգծեմ, որ առաջիկա օրերին կսկսենք արտադրությունը նույնականացման քարտերի՝ բլանկների տեսանկյունից: Վերջնարդյունքում 2026 թվականի երկրորդ կիսամյակում կտեսնեք բիոմետրիկ համակարգի գործարկում ՀՀ-ում, և մեր քաղաքացիներն ի վերջո կստանան բիոմետրիկ անձնագրեր և նույնականացման քարտեր»,- ասաց նա:


