Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականին պաշտպանության նախարարության համար նախատեսված 563,1 մլրդ դրամ ֆինանսական միջոցներից ընթացիկ ծախսերը կազմում են 259,4 մլրդ դրամ, այն է՝ 46,1 տոկոս, իսկ կապիտալ ծախսերը՝ 303,7 մլրդ դրամ՝ 53,9 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը պաշտպանական ոլորտի ծախսերը ներկայացրեց նախորդ տարիների համեմատությամբ՝ սկսելով նախահեղափոխական շրջանում՝ 2017-ին ձևավորված 2018-ի բյուջեի թվերից:
«2018-ին պաշտպանական ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, արտարժույթով կազմում է 640 մլն դոլար: 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 մլրդ դրամ, որը կազմում է 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար, այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով:
2023-ին, 2024-ին, 2025-ին կատարված և արդեն 2026 թվականին կատարվելիք ծախսերը, ինչպես երեկ եմ նշել, աննախադեպ են: Հենց սրա բերումով է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին, օրինակ, զինծառայողների ատեստավորման ծրագիրն է:
Այսօր պայմանագրային զինծառայողն ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ: Սա էական բարելավում է, և կարծում եմ՝ արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական վիճակի վրա, նրանց կյանքի որակի վրա: Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65 տոկոսանոց ատեստավորում: Ըստ տարիների՝ դինամիկան այսպիսին է. 2023-ին մասնակիցների 49,2 տոկոսն է ատեստավորվել, 2024-ին՝ 60,6 տոկոսը, իսկ 2025-ին՝ 64 տոկոսը»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ էական փոփոխություններ և ներդրումներ են կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում: Այս համատեքստում Պապիկյանը հիշեցրեց, որ 2026-ին ռազմաուսումնական հաստատություն ավարտող երիտասարդը նշանակմանը զուգահեռ կարող է ստանալ նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ: Բացառություն է վաճառքի իրավունքը:
«Նկատելի բարձրացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների կրթաթոշակի չափը: 2018 թվականի դրությամբ կուրսանտը ստանում էր 5300-ից 13000 դրամ, իսկ գերազանցության պարագայում՝ ևս 10 հազար դրամ հավելյալ կրթաթոշակ: Այժմ ռազմական ակադեմիայի կուրսանտի առաջին կուրսի բազային կրթաթոշակը 15000 դրամ է, և ըստ առաջադիմության՝ կուրսանտը կարող է ստանալ 45 հազար, 60 հազար, 75 հազար դրամ կրթաթոշակ»,- ասաց նախարարը՝ թվարկելով բոլոր մյուս կուրսերի մասով բարձրացումները, ապա նշեց, որ առավալագույն բազային կրթաթոշակ կուրսանտը ստանում է 5-րդ կուրսում՝ 35 հազար դրամ, իսկ գերազանցության դեպքում՝ 175 հազար դրամ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում մինչև 2018 թվականը կուրսանտները ոչինչ չեն ստացել, հիմա վարժարանի բոլոր սաները ստանում են 15 հազար դրամ, միջին առաջադիմությամբ կուսանտները ստանում են 30 հազար դրամ, գերազանց առաջադիմության կուրսանտները՝ 45 հազար դրամ:
Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ 2018-ի համեմատությամբ կուրսանտների թիվը աճել է 26 տոկոսով:

