Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նպատակ կա բարելավելու ոռոգման և ջրամակատակարարման, ջրահեռացման ծառայությունների մատուցումը Հայաստանում: Այս նպատակով տասնամյա բազմափուլային ծրագիր է մշակվել, որի իրականացման համար վակային համաձայնագիր է կնքվել: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վարերացնելու մասին» նախագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025-ի սեպտեմբերին, որով բանկը համաձայնում է ՀՀ-ին տրամադրել 70 մլն 400 հազար եվրո: Ծրագիրը համաֆինանսավորելու է նաև Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Այս դեպքում ևս գումարի չափը մոտ 70 մլն եվրո:
Երկփուլային ծրագրի առաջին փուլի բյուջեն 180 մլն դոլար է, առաջին փուլի հաջող իրականացումից հետո կիրականացվի երկրորդ փուլը, որի բյուջեն մոտ 250 մլն դոլար է:
«Համաձայնագրով զգալի միջոցներ են ուղղվելու ենթակառուցվածքների արդիականացմանը, բայց նաև շատ կարևոր, այսպես կոչված, soft բաղադրիչ ենք ունենալու, այն է՝ ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, քաղաքականությունների վերանայում և, որ շատ կարևորում եմ, ազգային կենտրոնի ստեղծում, որը, հույս ունենք, ապագայում կդառնա լուրջ պետական ռեսուրս ջրային ոլորտում համակարգերի և ենթակառուցվածքների նախագծման և ընդհանրապես գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար»,- ասաց նա:
Ծրագիրը բաղկացած է լինելու 4 բաղադրիչից: Առաջինը ջրային ոլորտի բարեփոխումն է և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, որի տիրույթում կլինեն ինչպես Ջրային կոմիտեն, այնպես էլ «Ջրառ» ՓԲԸ-ն և ՀԾԿՀ-ն:
Երկրորդ բաղադրիչը վերաբերում է ջրամատակարարմանը և ջրահեռացմանը՝ մասնավորապես գյուղական բնակավայրերում:
Երրորդ բաղադրիչը վերաբերում է ոռոգման ենթակառուցվածքների արդիականացմանը և համակարգի կառավարմանը: Այդ ենթակառուցվածքներում ներառված չեն ջրամբարները, քանի որ այս ուղղությամբ աշխատանքը, ըստ Ղալամքարյանի, կատարվում է ֆինանսավորման այլ աղբյուրների հետ, բայց ներառված են խոշոր ջրանցքները, երկրորդ կարգի ջրանցքները, ինչպես նաև խոշոր պոմպակայանները:
Չորրորդ բաղադրիչը ծրագրի կառավարումն է:


