Երևանի տրանսպորտի ուղեվարձի նոր սակագները հաստատվեցին. այն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերից։
Ըստ այդմ՝ սահմանվել է.
30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Նախագիծն ընդունվեց 32 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ նոր նախագծով սակագները նվազել են և փաթեթով ձեռք բերված ուղևորությունների քանակը դարձել է անսահմանափակ:
Թե ինչու նման փոփոխության կարիք առաջացավ և ինչպես է բացատրում ընդունված որոշումը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, այս հարցերի վերաբերյալ Zarkerak.am-ը զրուցեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ:

Արմեն Գալջյան
«Նախագիծն ընդունվել է այն տրամաբանությամբ, որ քաղաքացին որքան շատ օգտվի հանրային տրանսպորտից, այդքան մատչելի կդառնա իր համար սակագինը, այսինքն՝ ներդրվելու են տարբեր փաթեթներ՝ 10-անգամյա օգտագործման փաթեթ, շաբաթական, ամսական փաթեթ և նաև տարեկան փաթեթ, որոնք տարբեր սակագներ են ենթադրում: Մեր հաշվարկներով ամենաշատն օգտվելու են ամսական փաթեթներից, այսինքն՝ հիմնական օգտվողները, ովքեր առնվազն շաբաթվա մեջ մի քանի անգամ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերից դուրս օգտվելու են տրանսպորտից, այդ հաշվարկներով սակագներ ենք սահմանել, որոնք շատ բարձր չեն:
Այսօր թվեր են շրջանառվում, միայն 300 դրամի մասին են անընդհատ խոսում՝ փորձելով մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ 100 դրամից դառնում է 300 դրամ, այնինչ 300 դրամը միայն օրվա մասին է, որը հիմնականում չի վերաբերում այն մարդկանց, ովքեր ամեն օր են օգտվում տրանսպորտից, որովհետև ամեն օր օգտվողների համար կա փաթեթ, որը շատ ավելի մատչելի է: Օրինակ, եթե մարդն ամսվա մեջ տասը անգամ է նստում տրանսպորտ, կարող է գնել 10-անգամյա օգտագործման տոմս, որն արժե 2100 դրամ, որն այս դեպքում մի քիչ ավելի թանկ է լինում, եթե մի տոմսի վրա ենք հաշվարկում, այսինքն՝ մի տոմսը 210 դրամ կարժենա, եթե մարդն ամսվա մեջ տասը անգամ է օգտվում, դա նշանակում է, որ նա այդքան էլ հաճախ չի օգտվում տրանսպորտից, իսկ այն մարդը, որն ամեն օր գնում է աշխատանքի, հետ է գալիս, կամ որևէ այլ տեղ է գնում, իր համար նախընտրելի կլինի ամսական փաթեթը վերցնել, որը շատ ավելի մատչելի կլինի և հնարավոր է նույնիսկ դեպք, երբ անգամ 100 դրամից էլ քիչ իր վրա մի տոմսը նստի, եթե ինքը հաճախ սկսի օգտվել»:

Թե արդյոք երկրում ստեղծված սոցիալական պայմաններում պետք էր գնալ նման փոփոխության՝ Գալջյանն ասաց. «Իրականում տրանսպորտի սակագինը երբեք չի վերանայվել՝ 1990-ականներից 100 դրամ արժի հանրային տրանսպորտի գինն այն դեպքում, երբ այն ժամանակ «Երազ» կամ «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենա էր, հետո «GAZel», հիմա արդեն անցել ենք ժամանակակից ավտոբուսների: Այս ամբողջ տարիների ընթացքում ամեն ինչի գինը փոխվել է, բացի հանրային տրանսպորտից, բայց եթե ամեն ինչի գինը փոխվում է, հանրային տրանսպորտն էլ է փոխվում, ենթադրվում է, որ հանրային տրանսպորտի գինն էլ պետք է այնպիսի գին լինի, որը տրամաբանական կլինի, այն ծախսերը, որոնք քաղաքապետարանի բյուջեից ուղղվում են հանրային տրանսպորտի սուբսիդավորմանը, այնպես պետք է բալանսավորվեն, որ հետագայում տրանսպորտի կառավարման համակարգը չտուժի:
Մենք շուտով պետք է էլի ավտոբուսներ ձեռք բերենք, տասը տարի հետո նորից քաղաքը պետք է այս հարցին անդրադառնա, որովհետև ավտոբուսները տասը տարվա շահագործում են ենթադրում, տասը տարի հետո նորից պետք է ավտոբուսներ ձեռք բերվի, էլ չեմ խոսում ընթացիկ սպասարկման մասին՝ վառելիք, վարորդների աշխատավարձ, տեխնիկական սպասարկում և այլն, այս ամենը ենթադրում է միլիարդավոր դրամների ծախս, եթե մենք այսօր թողնենք այս սակագինը, քաղաքի բյուջեի շատ մեծ մասը պետք է ուղղենք տրանսպորտի սուբսիդավորմանը, իսկ դա ենթադրելու է, որ այլ ոլորտների, օրինակ՝ մանկապարտեզների վերանորոգման ծախսերը պետք է կրճատենք, ներդնենք տրանսպորտի վրա, կամ պետք է ասֆալտապատման ծավալները կրճատենք, կանաչապատման կամ ոռոգման համակարգի վրա ծախս չանենք, այսինքն՝ այդ ամեն ինչից պետք է կտրենք տանք տրանսպորտին, դրա համար մենք ուզում ենք՝ ոլորտին ուղղված ֆինանսավորումները բալանսավորել, որ մեկը մյուսի հաշվին չլինի»:

Թե ինչպես են մարդիկ փաթեթներ և տոմսեր ձեռք բերելու՝ մեր զրուցակիցն ասաց. «Մարդիկ պետք է կամ տերմինալների միջոցով համապատասխան կտրոն գնեն, կամ հավելվածի միջոցով վճարում կատարեն: Ավտոբուսների մեջ տեղադրված են սարքեր, որոնց դիմաց QR կոդը հպելու դեպքում վճարումը տեղի կունենա»:

Մեր այն հարցին, թե արդյոք չկա մտահոգություն, որ տարեց մարդիկ կամ մարզերից եկած բնակիչները չեն կարողանալու օգտվել այս համակարգից՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե մենք գնանք այն տրամաբանությամբ, որ ինչ-որ մարդիկ չեն կարողանալու տեխնիկական միջոցներից օգտվել, մենք երբեք կարող է այդ ռեֆորմին չհասնենք, բայց էլի եմ ասում կա տերմինալից կտրոն գնելու տարբերակը, որն այդքան էլ բարդ չէ, և եթե մարդը թոշակառու է և թոշակը քարտով ստանում է, ուրեմն արդեն սկսել է այդ տեխնիկային տիրապետել, ճիշտ է ինչ-որ մարդկանց համար կարող է այդքան հեշտ չլինել, բայց կարծում եմ դա հաղթահարելի փուլ է, մեկ-երկու անգամ անելու դեպքում արդեն պարզ կլինի բոլորի համար»,-նշեց Գալջյանը՝ հավելելով, որ կանխիկ վճարումը բացառվելու է:

Անդրադառնալով հավելվածով փաթեթ ձեռք բերելուն՝ Արմեն Գալջյանը նշեց, որ այն այս պահին մշակման փուլում է. «Նախագիծը սեպտեմբերին է ուժի մեջ մտնելու, դրա համար ենք մենք այնպիսի ժամկետ դրել, որ այս տեխնիկական հարցերն էլ մինչ այդ կարգավորենք»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ որոշ խմբերի դեպքում կգործեն արտոնություններ. «Այս պահին մենք մշակում ենք արտոնությունների փաթեթը, որ մինչև սեպտեմբեր ընդունենք, կան տարբեր խոցելի խմբեր, որոնց անդրադառնալու ենք, դա հիմնականում լինելու է սոցիալապես անապահով խավը, այսինքն՝ պետական մարմիններից որոշակի տվյալներ ենք ստանալու, որտեղ փորձելու ենք հասկանալ, որ անձինք են, որ իրապես ունեն այդ արտոնության կարիքը, հաշմանդամության կարգ ունեցողները, որոնք ունեն սոցիալական խնդիր, իրենց ենք անդրադառնալու, նաև պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ենք փորձելու անդրադառնալ, ուսանողների մասով ենք որոշակի զեղչեր մտածում ներդնել: Մոտավորապես այս շրջանակի մեջ փորձելու ենք արտոնություններ սահմանել»:

Գալջյանը փաստեց, որ հիմա էլ առաջարկների համար բաց են. «Մենք բաց ենք առաջարկների համար, եթե կլինի այնպիսի ողջամիտ առաջարկ, որով մեր պատկերացրած սխեման չի խաթարվի, կքննարկենք և անհրաժեշտության դեպքում կընդունենք, բայց, եթե հնչի այնպիսի առաջարկ, որն առաջին հայացքից շատ ականջահաճո է, բայց ինքն ամբողջ տրամաբանությունը խախտում է, բնականաբար դրանք դժվար թե ընդունենք»:

Անդրադառնալով նախագծի վերաբերյալ ավագանու ընդդիմադիր անդամների առաջարկներին՝ Արմեն Գալջյանն ասաց. «Ամեն ինչ ռեալ է, հնարավոր է անգամ տրանսպորտը սարքել անվճար, բայց դա լինելու է ինչ-որ մի ոլորտից կրճատումներ անելու հաշվին, իրենց առաջարկները հենց այդ տրամաբանության մեջ են:
Իրենց առաջարկածը՝ էժանացումն է, առաջին հայացքից տպավորություն է, որ քաղաքացին դրանից օգտվելու է, բայց իրականում՝ ոչ, որովհետև այլ ոլորտներից ստիպված կրճատելու ենք, որպեսզի այդ գումարն ուղղենք սուբսիդավորմանն ու արդյունքում քաղաքացին էլի տուժելու է, ուղղակի տուժելու է տեսնելով, որ կանաչապատումն է վատ, տեսնելու է, որ մանկապարտեզը չսարքվեց, որ ասֆալտն է վատ, դրա համար մենք առաջարկում ենք բոլոր ոլորտները բալանսավորել: Իրենք վերցրել են Թբիլիսիի օրինակը, որի բյուջեն Երևանի բյուջեի կրկնապատիկն է ու ասում են՝ տեսեք այնտեղ այսքան գին է ու մի բան էլ Թբիլիսիից էժան գներ էին առաջարկում, որն անտրամաբանական է»:

Մեր այն հարցին, թե սակագների փոփոխմանը զուգահեռ հնարավոր է նաև քաղաքացիների միջին աշխատավարձի բարձրացման նախաձեռնությամբ հանդես գան՝ Գալջյանը նշեց. «Քաղաքապետարանի ենթակայության տակ են մանկապարտեզները, պոլիկլինիկաները, տարբեր սպորտդպրոցներ, մշակութային, երաժշտական դպրոցներ, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ, որոնց աշխատավարձը տրվում է քաղաքապետարանի բյուջեից, որպեսզի մենք կարողանանք այդ մարդկանց աշխատավարձը բարձրացնել, դրա համար պետք է բյուջեում լինի բավարար գումար, բայց, եթե ոմանք առաջարկում են այդ գումարն ուղղել տրանսպորտի սուբսիդավորմանը, հնարավոր չի լինի այդ մարդկանց աշխատավարձը բարձրացնել, իսկ եթե մենք ուզում ենք նաև աշխատավարձ բարձրացնել, պետք է կարողանանք մեր ֆինանսական միջոցները ճիշտ կառավարել: Իհարկե, հնարավոր է բարձրացում լինի, մենք այս տարի բարձրացրինք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը շուրջ 30 տոկոսով և դա այս օրինակներից մեկն է»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հենց այս որոշման հաշվին հնարավոր է որոշ ոլորտներում աշխատավարձերի բարձրացում կատարել:

Նախագիծն ընդունելիս հաշվի է առնվել նաև այլ երկրների փորձը. «Մենք տեսել ենք, թե որ քաղաքում ինչ գին է դրված և այդ քաղաքի միջին աշխատավարձն ինչքան է կազմում և այդ տրամաբանությամբ մեզ մոտ էլ արդեն համապատասխան հաշվարկներ ենք արել»:
Գալջյանի կարծիքով՝ մարդկանց մոտ այդքան էլ մեծ դժգոհություն չկա որոշման հետ կապված. «Հանրային տրանսպորտի սակագնի փոփոխությունն այն հարցն է, որ եթե մարդիկ իրապես զգային, որ անարդար որոշում է, հաստատ բողոքի ակցիա կլիներ, բայց տեսանք, որ որևէ ակցիա չկար, բացի մեկ-երկու նախկին պաշտոնյաների ակցիայից: Իհարկե, կան մարդիկ, ովքեր դժգոհ են, բայց այն մասսայական դժգոհությունը, որի մասին ներկայացվում է՝ իրականում չկա»:

Գալջյանը նշեց, որ նախագիծն ուժի մեջ կմտնի սեպտեմբերին, բայց եթե նոր ավտոբուսներն ուշ ժամանեն, կարող է նախագիծն էլ հետաձգվի. «Նախագիծն ուժի մեջ կմտնի, երբ կժամանեն 171 նոր ավտոբուսները, մենք պլանավորել ենք, որ սեպտեմբերին կլինի, բայց, եթե այնպես լինի, որ մեկ-երկու ամիս ուշանա, այդ որոշումն էլ ենթադրվում է, որ մեկ-երկու ամսով կհետաձգվի»:
Քաղաքացիների բողոքներն ինչպես առաջին, այնպես էլ արդեն իսկ փոփոխված և ընդունված նախագծի վերաբերյալ շարունակվում են։
Zarkerak.am-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել, մի քանիսը ներկայացնում ենք ստորև․









Աննա Բզնունի