Բենզինի շուրջ կեղծ պաթոսը և իրական հաշվարկի բացակայությունը Zarkerak - Բենզինի շուրջ կեղծ պաթոսը և իրական հաշվարկի բացակայությունը
Zarkerak Zarkerak - Բենզինի շուրջ կեղծ պաթոսը և իրական հաշվարկի բացակայությունը
Բենզինի շուրջ կեղծ պաթոսը և իրական հաշվարկի բացակայությունը

Բենզինի շուրջ կեղծ պաթոսը և իրական հաշվարկի բացակայությունը

Վերջին օրերին որոշ շրջանակներ սկսել են մարդկանց կոչ անել՝ չգնել ադրբեջանական ծագման բենզին։ Այս կոչերը ներկայացվում են որպես հայրենասիրական պայքար, բայց իրականում դրանք ավելի շատ հիշեցնում են կեղծ պաթոսով փաթեթավորված քարոզչություն, որը ոչ միայն չի ծառայում Հայաստանի շահերին, այլ ուղիղ վնասում է տնտեսությանը և շարքային քաղաքացուն։

Պետական և տնտեսական շահը չի չափվում զգացմունքներով։ Տնտեսությունը գաղափարախոսության դաշտ չէ, այլ հաշվարկի։ Հատկապես Հայաստանի նման փոքր, շրջափակված և ռեսուրսներով սահմանափակ երկրի համար տնտեսական որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես արդյունավետության, գնի, մրցակցության և անվտանգության վրա։ Եթե շուկա է մտնում վառելիք, որն ավելի մատչելի է, բավարարում է որակի պահանջները և նվազեցնում է մենաշնորհային ճնշումը, ապա այդ վառելիքի դեմ քարոզչություն անելն այլևս հայրենասիրություն չէ, այլ դատարկ պոպուլիզմ՝ ուղղված սեփական քաղաքացիների դեմ։

Այն թեզը, թե ադրբեջանական բենզին գնելը «ազգային դավաճանություն» է, բացարձակապես չի դիմանում որևէ լուրջ քննադատության։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պարտավոր ենք նույն հարցը տալ Թուրքիայի հետ առևտրի մասով։ Հայաստանը վերջին մոտ 20 տարիների ընթացքում Թուրքիայի հետ ունեցել է շուրջ 4.5 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն։ Այդ ամբողջ ընթացքում Հայաստանը օգտվել է թուրքական ապրանքներից, հումքից, սպառողական շուկայից։ Հազարավոր մարիդկ տարեկան մեկնում են Թուրքիա հանգստանալու և ոչ մեկ դա չի անվանել դավաճանություն, որովհետև բոլորն հասկացել են՝ տնտեսական շահը վեր է հուզական կարգախոսներից։

Հարևան երկրների էներգետիկ և վառելիքային ռեսուրսներից օգտվելը միջազգային նորմալ պրակտիկա է։ Այդպես են գործում բոլոր երկրները՝ անգամ միմյանց հետ քաղաքական լարվածություն ունեցողները։ Ոչ մի երկիր իր քաղաքացիներին չի ստիպում թանկ վճարել միայն այն պատճառով, որ ինչ–որ մեկն ուզում է «հայրենասիրական» տեքստեր կարդալ։

Ավելին՝ վառելիքի շուկայի դիվերսիֆիկացիան ունի կոնկրետ ռազմավարական օգուտներ՝ նվազեցնում է մեկ աղբյուրից կախվածությունը, թուլացնում է ներմուծման մենաշնորհները, զսպում է գների արհեստական աճը և պաշտպանում է սպառողի շահը։

Այն շրջանակները, որոնք փորձում են հասարակությանը համոզել հակառակը, փաստացի աշխատում են Հայաստանի տնտեսության դեմ։ Գիտակցաբար կամ ոչ՝ նրանք ստեղծում են արհեստական վախեր, պառակտում հասարակությանը և խեղդում ռացիոնալ քննարկումը։ Սա արդեն վտանգավոր է, որովհետև պետության շահը փոխարինվում է հույզերով, իսկ քաղաքականությունը՝ փողոցային կարգախոսներով։

Սա, սակայն, պարզապես գաղափարական մոլորություն չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ գործող գործակալական ցանցի հերթական դրսևորման հետ, որի գործելաոճը վաղուց ծանոթ է․ իրական խնդիրների լուծման փոխարեն հասարակությանը կերակրել կեղծ պաթոսով, սրել հույզերը, արգելափակել ռացիոնալ քննարկումը և տնտեսական հարցերը տեղափոխել «դավաճան–հայրենասեր» պարզունակ դաշտ։ Այս մեթոդաբանությունը մի նպատակ ունի՝ թույլ չտալ, որ Հայաստանը գործի որպես սուբյեկտ, հաշվարկող պետություն։ Երբ հանրային դիսկուրսը լցվում է էմոցիոնալ աղմուկով, շահում են ոչ թե քաղաքացիներն ու պետությունը, այլ նրանք, ովքեր սնվում են մենաշնորհներից, կախվածություններից և փակ շուկաներից։

Հայրենասիրությունը դրոշ վառելը կամ սոցցանցերում կոշտ ստատուսներ գրելը չէ։
Իրական հայրենասիրությունը՝ Հայաստանի քաղաքացիների գրպանը պաշտպանելն է,տնտեսությունը մրցունակ դարձնելը և պետությունը դուրս բերելը ինքնամեկուսացումից։

Եթե ադրբեջանական, իրանական, ռուսական կամ ցանկացած այլ երկրի վառելիքը Հայաստանի համար ստեղծում է ավելի շահավետ պայմաններ, ապա այդ հնարավորությունից հրաժարվելն այլևս ոչ թե սկզբունքայնություն է, այլ անպատասխանատու քայլ, որը վնասում է սեփական պետությանը։

Պետությունը չի կարող իրեն թույլ տալ շքեղություն՝ ապրել միայն վիրավորված հիշողություններով։ Պետությունը պարտավոր է ապրել հաշվարկով, շահերով և սառը գլխով։
Իսկ այսօր այդ շահը պարզ է՝ մրցակցային շուկա, մատչելի վառելիք և շահող քաղաքացի։
Սա է իրական հայրենասիրությունը։ Մնացածը՝ պարզապես բարձրաձայն պաթոս է։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

23 Դեկտեմբեր, 2025 18:43
Վեր