Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերում, իսկ դեկտեմբերի 19-ին թմրամիջոց է տեղադրելու Նոր Նորքի 1-ին զանգվածում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Գայի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դանակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել 110 փաթեթ թմրամիջոց. 22-ը արդեն իսկ տեղադրել է Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում, իսկ մնացածը ավտոմեքենայում են։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 22 փաթեթ՝ ընդհանուր մոտ 49 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայում՝ ընդհանուր 194 գրամ զանգվածով 83 փաթեթ։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


