Հայաստանը ստեղծել է ներառական կրթության համապարփակ համակարգ. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի հանդիպմանը Zarkerak - Հայաստանը ստեղծել է ներառական կրթության համապարփակ համակարգ. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի հանդիպմանը
Zarkerak Zarkerak - Հայաստանը ստեղծել է ներառական կրթության համապարփակ համակարգ. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի հանդիպմանը
Հայաստանը ստեղծել է ներառական կրթության համապարփակ համակարգ. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի հանդիպմանը

Հայաստանը ստեղծել է ներառական կրթության համապարփակ համակարգ. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի հանդիպմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարտի 24-26-ը մասնակցում է Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի 6-րդ տարեկան հանդիպմանը: Միջոցառման շրջանակում նա մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով տեղահանված, խոցելի խմբի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿ) ունեցող երեխաների համար կրթության անհապաղ հասանելիության ապահովմանը, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերմանն ու պարտադիր կրթության համակարգում ներգրավմանն ուղղված ՀՀ պետական քաղաքականությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարական հանդիպմանը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցը, որտեղ անդրադարձ է արված նաև ՀՀ կրթության համակարգի արդյունքներին և ձեռբերումներին՝ ներառականության, պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաներին ուղղված քաղաքականության և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման ուղղություններով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ երեխաների կրթության հիմնարար իրավունքի պաշտպանության և իրացման հարցերը գտնվում են նախարարության անմիջական վերահսկողության ներքո, և պետության խնդիրն է՝ յուրաքանչյուր սովորողի համար ապահովել հասանելի, մատչելի, որակյալ կրթություն. «2023 թվականի աշնանը, երբ մոտ 21.000 երեխա տեղահանվեց Ղարաբաղից՝ հաստատվելով Հայաստանում, կազմակերպվեցին արագ և համապարփակ միջոցառումներ՝ երեխաներին անմիջապես դպրոցներ ընդունելու համար՝ անկախ նրանց փաստաթղթերի առկայությունից կամ ուսումնական ծրագրերի տարբերություններից։ Դպրոցները նաև իրականացրին հոգեբանական և հոգեսոցիալական աջակցության ծրագրեր՝ ապահովելու համար երեխաների լիարժեք ներառումը և ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցությունը։ Այսօր այդ երեխաները հաճախում են դպրոցներ և մանկապարտեզներ և պետության աջակցությամբ շարունակում իրենց ուսումը մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում»։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2014 թվականին Հայաստանի հանրակրթության համակարգն անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության: Իրականացվող քաղաքականության արդյունքում ընդլայնվել են ԿԱՊԿ ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում, վերապատրաստվել է ուսուցչական անձնակազմը, վերանայվել են ուսումնական ծրագրերը, դպրոցները հարմարեցվել են մատչելիության չափանիշներին:

«Պետության ռազմավարական նպատակն է դպրոցներում բոլոր երեխաների համար ստեղծել կրթություն ստանալու պայմաններ՝ համապատասխան աջակցության ծառայություններով: Այս մոտեցման արդյունքում ներկայում ավելի քան 9000 հատուկ կարիքներ ունեցող երեխա հաճախում է հանրակրթական դպրոցներ, իսկ մասնագիտացված հատուկ դպրոցներում մոտ 400 երեխա է սովորում: Լայնածավալ ջանքեր են գործադրվում այս երեխաների սահուն ինտեգրումն ապահովելու նպատակով: Միևնույն ժամանակ, հատուկ դպրոցներն աստիճանաբար վերափոխվում են ռեսուրս կենտրոնների՝ իրենց փորձն ու գիտելիքն ուղղորդելով համընդհանուր ներառական կրթության ամրապնդմանը»,- ասել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթական համակարգում ներառման համակարգին՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները թվայնացված են և ամբողջությամբ ինտեգրված Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS)։ Ներդրված համակարգը հնարավորություն է տալիս վերլուծելու դպրոցական տարիքի երեխաների տվյալները՝ հայտնաբերելով դպրոցից դուրս մնալու դեպքերը։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ նույնականացված տվյալներն ուղարկվում են համապատասխան պետական մարմիններ, որոնք իրականացնում են նպատակային միջամտություններ՝ այդ երեխաներին կրթական համակարգ վերաինտեգրելու նպատակով։

«Կրթությունից դուրս մնալու վտանգի տակ գտնվող երեխաների համար լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում՝ նրանց դպրոց վերադարձն ապահովելու նպատակով։ Կրթության տարբեր մակարդակներում ներդրվել են նաև տարաբնույթ ծրագրեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուսուցչական անձնակազմի կարողությունների զարգացմանը՝ մասնագիտական զարգացումը փոխկապակցելով վարձատրության բարեկավման հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև մասնագիտական կրթությանը, և հիմնական դպրոցն ավարտող երեխաներն հնարավարություն ունեն ուսումը շարունակել կա՛մ ավագ դպրոցներում կա՛մ մասնագիտական հաստատություններում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։

Արձանագրելով Հայաստանի փորձն այս ոլորտում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի ամփոփմամբ՝ թվայնացման գործիքների կիրառմամբ նախարարությունը վերահսկում է ընդունելությունը մանկապարտեզներում, դպրոցներում և մասնագիտական հաստատություններում՝ հնարավորություն ստեղծելով հետևելու յուրաքանչյուր երեխայի կրթական ուղուն, գնահատելու ուսման առաջընթացը և նախաձեռնողաբար կանխելու դպրոցից դուրս մնալու հնարավոր ռիսկերը։ Այս համակարգն ապահովում է, որպեսզի շահագրգիռ կառույցների և կողմերի միջամտությունները լինեն ժամանակին, նպատակային և արդյունավետ։

«Առաջադեմ թվային գործիքները, վաղ նախազգուշացման համակարգերը, նպատակային աջակցության ծրագրերը և մանկավարժների կարողությունների զարգացումը համատեղելով՝ Հայաստանը ստեղծել է ներառական կրթության համապարփակ մոտեցում։ Այն ապահովում է, որպեսզի բոլոր երեխաները, այդ թվում՝ խոցելի ընտանիքներից, զարգացման կարիքներ ունեցող կամ հակամարտության պատճառով տեղահանված, հնարավորություն ունենան լիարժեք իրացնելու կրթության իրավունքը՝ վաղ մանկությունից մինչև միջնակարգ և մասնագիտական կրթություն»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը։

26 Մարտ, 2026 13:00
Վեր