Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ կարծիք է հարցնում՝ արժե՞ հրապարակային ցուցադրել այն ռազմատեխնիկան, որը վերջին տարիներին է ձեռք բերվել:
Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ որոշում կա՞ այս մասով: Փաշինյանն արձագանքեց՝ այս թեմայի շրջանակում աշխատանք է իրականացվում միջազգային գործընկերների հետ:
«Ընդհանրապես, զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու, և մենք աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ՝ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ չընկալեն դա որպես խաղաղության օրակարգից հրաժարում:
Նաև հիշում եք, որ ես հայտարարել էի, որ այն քաղաքացիների խմբերը, որոնք ուզում են տեսնել, հրավիրում եմ, որպեսզի ցուցադրություն անենք, և քաղաքացիների այնքան մեծ թիվ է հերթագրվել, որ իրատեսական չէ, որ մարդկանց հերթով, խմբերով տանենք և ցույց տանք:
Էլ չեմ ասում, որ եթե այդքան մարդ եկավ, տեսավ, նշանակում է, որ լուրերով շեղված տարածվելու է այդ ինֆորմացիան: Դրա համար ավելի լավ է՝ ցույց տանք, և Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ցույց կտանք:
Կարծում եմ, որ դա ՀՀ քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»,- ասաց նա:


