Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից կփոխանցվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ 2015 թվականին «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն տեղափոխվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, և գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ կառույցը չի գործել՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ:
Վերագործարկելով «Հայֆիլմի» ծրագիրը՝ նախարարությունը նպատակ ունի այն դարձնել ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» մասշտաբային ծրագրի ձևավորմանը:
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ այս համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։


