Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նրանցից մի քանը ձերբակալված են՝ առանց հստակեցնելու, թե քանի հոգին և ինչ մեղադրանքով:
«Ազատության» տեղեկություններով՝ իրավապահները Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի 11 աշխատակիցներ են տարել դեռ 2023-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Վաղ առավոտյան իր տնից բերման է ենթարկվել նաև նույն բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը: Թե ինչ կարգավիճակ ունեն բերման ենթարկվածները, Հակակոռուպցիոնից ասացին՝ ավելի ուշ կհայտնեն:
Հակակոռուպցիոնի քննիչներն ավելի քան երկու տարի առաջ խուզարկել էին Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ էր հարուցվել: Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային:
Այվազյանը մի ուրիշ՝ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին: Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել: Դրանից հետո նա իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նրա փոխարեն այս պաշտոնին նշանակեց Այվազյանի կնոջը՝ Լիլիթ Հովսեփյանին: Վերջինս այսօր հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:


