Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության վերաբերյալ արձանագրում է որոշակի առաջընթաց, սակայն միաժամանակ նշում է վերջին շրջանում նկատվող լճացման ազդակների մասին՝ ընդգծելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ 2018 թվականից ի վեր միջազգային զեկույցների համաձայն Հայաստանը գրանցել է էական առաջընթաց հակակոռուպցիոն ոլորտում։
«Գիտեք, որ 2018 թվականից մենք այդ առումով բոլոր միջազգային զեկույցների համաձայն ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ լճացման որոշակի ազդակներ կան և նաև այդ լճացման ազդակները առաջին հերթին մեզ համար նրա մասին են, որ մենք բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այդ համատեքստում կարևոր քայլերից է կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը, որը միտված է բարձրացնելու արդյունավետությունն ու խթանելու հակակոռուպցիոն պայքարը։
«Գաղտնիք չէ, որ կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը նաև այդ գիտակցության արդյունքն է, որ մենք հակակոռուպցիոն պայքարում պետք է ավելի վճռական և համակարգային փոփոխությունների գնանք»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հաջորդ փուլում անհրաժեշտ է նման մոտեցումները կիրառել նաև տեղական ինքնակառավարման մակարդակում՝ ընդգծելով, որ այդ խնդիրը դեռևս լիարժեք լուծված չէ։
«Մենք պետք է ունենանք զրո կոռուպցիա քաղաքականությունը, մենք պետք է դա իրագործենք։ Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից»,- ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով՝ առկա իրավիճակից բխող հիմնական հետևությունն այն է, որ բարեփոխումների գործընթացում երբեմն չի ցուցաբերվում բավարար վճռականություն, ինչն անհրաժեշտ է հաղթահարել՝ ապահովելու հետևողական և արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ։


