Անցած 5 տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության վարքագիծը եղել և մնացել է նույնը՝ քաղաքական «շուներ» կազմակերպելը։ 5 տարվա ընթացքում ընդդիմությունը որևէ գաղափարական, կամ լուրջ օրենսդրական նախաձեռնությամբ գրեթե աչքի չի ընկել։ 5 տարի շարունակ, նրանք կամ բոյկոտում էին նիստերը, կամ նեղացկոտ երեխայի պես հեռանում նիստերի դահլիճից, կամ խուսափում էին մասնակցել կառավարության հետ հարցուպատասխաններին։
Այդ մարդիկ խորհրդարանական ամբիոնը փոխարինել էին սեփական լրատվամիջոցների տաղավարների աթոռների հետ և այդ հարթակներից էին 5 տարի շարունակ քննադատում իշխանությանը, իսկ ժողովրդին էլ ահաբեկում՝ Հաայստանի կործանման մասին խոսույթներով։
Խորհրդարանական ընդդիմության գլխավոր քաղաքական օրակարգը կառուցված է եղել վախի, աղմուկի և մեղադրանքի վրա։ Բայց երբ գալիս է պահը, որ իրենց թեզերը պետք է պաշտպանել դեմ առ դեմ՝ Ազգային ժողովում այդ ընդդիմությունը բացակ էր, կամ «փախած»։
Հիմա նույն այդ ուժերը կրկին հավակնում են նոր մանդատների։ Այս համատեքստում տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն գործելակերպով հանդես եկող քաղաքական ուժերին պետք է հանրությունը պատգամավորական մանդատ տա։
Ընտրողն ի վերջո գնահատում է ոչ թե աղմուկը, գոռգոռոցն ու հայհոյանքը, այլ գործնական արդյունքները։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը ցույց է տվել և այսօր էլ ցույց է տալիս, որ չի ցանկանում, կամ չի կարող փոխել իր գործելաոճը։
Եթե ընդդիմությունը չի վերանայում իր ռազմավարությունը՝ վերադառնալով բովանդակային քաղաքականության դաշտ, ապա դժվար է ակնկալել, որ այն կվերականգնի հանրային վստահությունը։
Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման համար անհրաժեշտ է ուժեղ, պատասխանատու և գաղափարական ընդդիմություն։ Առանց դրա, նույնիսկ ամենակոշտ քննադատությունը կմնա ընդամենը բարձրաձայնված դժգոհություն՝ առանց իրական փոփոխության հնարավորության։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


