Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ մինչ տեղական լրահոսը լցվում է մեր կրթական համակարգի վերաբերյալ տարաբնույթ և ուղղորդված ապատեղեկատվությամբ, կան զգալի առաջընթաց խորհրդանշող իրողություններ:
«Ֆասթ հիմնադրամի հետ համատեղ մեր դպրոցներում իրականացվող «Արհեստական բանականություն (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը ճանաչվել է ASU+GSV միջազգային կրթական մրցույթի լավագույն 10 նորարարություններից մեկը և ապրիլի 12-15-ը ներկայացված կլինի Սան Դիեգոյում կայանալիք ASU+GSV գագաթնաժողովում:
Ծրագրի դպրոցների ցանցը, ի դեմս Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի, ընդգրկվել է մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայի լավագույն 5-ում՝ ի թիվս այն նախաձեռնությունների, որոնք, միավորելով կրթությունն ու տեխնոլոգիան, վերափոխում են ոչ միայն դպրոցը, այլև ողջ հանրակրթական համակարգը։
Այս օրերին էլ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, ներկայացվեց Գլոբալ կրթության մոնիթորինգի զեկույցը, որտեղ արձանագրվել է Հայաստանի կրթական համակարգի էական առաջընթացը միանգամից մի քանի ուղղություններով՝ ներառականության, պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաներին ուղղված քաղաքականության և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման:
Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց: Շնորհակալ եմ իրենց ամենօրյա աշխատանքով ու սրտացավությամբ համակարգը զարգացնող և մեր յուրաքանչյուր երեխայի համար հոգ տանող համակարգի բազմաթիվ նվիրյալ աշխատողներին՝ ուսուցիչներին, տնօրեններին, դպրոցական աշխատակազմի այլ անդամներին: Ապատեղեկատվությունը չի անցնելու. իրականությունը շատ ավելի խոսուն է»,- գրել է նախարարը:


