«Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտը՝ նաև  Գյումրիում Zarkerak - «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտը՝ նաև Գյումրիում
Zarkerak Zarkerak - «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտը՝ նաև Գյումրիում

«Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտը՝ նաև Գյումրիում

Համագործակցելով  տեղական և տարածաշրջանային համալսարանների հետ՝ «Սինոփսիս Արմենիա»-ն մեծ ներդրում է կատարում միկրոէլեկտրոնիկայի  կրթության մեջ` ՀՀ-ի համար բարձր որակավորում ունեցող ու արտադրությանը պատրաստ  ՏՏ մասնագետներ պատրաստելու և  կիսահաղորդչային տեխնոլոգիաների գերազանցության մակարդակը  երկրում բարձրացնելու ուղղությամբ։ «Սինոփսիս»-ը Հայաստանում ընդլայնել է աշխարհագրությունը և Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտը հասանելի է նաև գյումրեցի ուսանողներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի հետ համագործակցության  շնորհիվ։

«Սինոփսիս»-ի գիտա-արտադրական մասնաճյուղը ոչ միայն Երևանում, նաև Գյումրիում ունի մասնաճյուղեր։ Հնարավորություն կա և՛ Երևանում, և՛ Գյումրիում միանալ «Սինոփսիս» -ի ուսումնական ծրագրին։ Կախված համալսարաններից՝ 2-րդ կամ 3-րդ կուրսերից կարելի է միանալ ծրագրին» ,- նշում է  «Սինոփսիս Արմենիա»  ընկերության  ուսումնական ծրագրերի համակարգող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սինոփսիսի համատեղ կրթական ծրագրի շրջանավարտ, տ․գ․թ․ Սուրեն Աբազյանը։ Ըստ նրա՝ ծրագրին մասնակցող բակալավրի ուսանողների մեծ մասը հետագայում ցանկություն են հայտնում ուսումը շարունակել մագիստրատուրայում, իսկ նրանց  մի  մասն էլ դառնում նաև ասպիրանտներ ու գիտությունների թեկնածուներ։ Մինչև այսօր՝ 74 շրջանավարտներ դարձել են գիտությունների թեկնածուներ և իրենց ճարտարագիտական գործունեության հետ զուգահեռ դասավանդում են Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում, ուսանողներին փոխանցելով ոչ միայն ամենաթարմ ակադեմիական գիտելիքներ, այլև այսօրվա արդի նախագծերի կատարման համար պահանջվող գործնական հմտություններ և ձիրքեր։

Բուհի հետ համագործակցության ընթացքում «Սինոփսիս Արմենիա»- ն կիրառում է բուհ-արդյունաբերություն կրթական մոդելը, որը ղեկավարում է գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Թղթակից-անդամ, ՀՀ Գիտության Վաստակավոր գործիչ, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային Սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա»  ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը․ « Ուսանողները սովորում են երկու մասնագիտություններով՝ ինտեգրալ սխեմաների նախագծում  և էլեկտրոնային ավտոմատացված նախագծում։ Օգտագործվում են  Սինոփսիսի գերարդիական կիրառական ծրագրային փաթեթներ»,- Մելիքյանի խոսքով՝ այս եղանակով ծրագրի մասնակիցները սովորում են ամեն ինչ՝ կապված ինտեգրալ սխեմաների նախագծման հետ։

Այսպիսով՝ «Սինոփսիս»- ն  օգնում է համալսարաններին ընդլայնել իրենց ճարտարագիտական ծրագիրը՝ ինտեգրալ սխեմաների նախագծման և ծրագրային ապահովման զարգացման բոլոր առումներով։ Ծրագիրն առաջարկում է գերժամանակակից կրթություն բակալավրի  և մագիստրոսական ծրագրերի համար՝ ինտեգրալ սխեմաների նախագծման և  էլեկտրոնային նախագծման ավտոմատացման  մասնագիտացումների համար։ Հետբուհական ծրագիրն առաջարկում է ուսուցում ավտոմատացված համակարգեր և միկրոէլեկտրոնիկա, նանոէլեկտրոնիկա մասնագիտություններով։

Ծրագրի հաջողությունն ապացուցված է նրանով, որ ծրագրի մասնակից 44 ուսանողներից 34-ն արդեն ունեն աշխատանք: Այժմ Սինոփսիս Արմենիայի նպատակն է ինֆորմացնել բոլոր ավարտական դասարանների աշակերտներին, որ սեփական քաղաքում կա նման հնարավորություն՝ կրթությանը զուգահեռ արագ ապահովել կրթական բարձր որակ ու աշխատանք: Հենց այս նպատակով դեպարտամենտի ներկայացուցիչնեը եղել են Գյումրու մի շարք դպրոցներում:

Այցերի հիմնական նպատակն է կողմնորոշել դպրոցների աշակերտներին՝  միկրոէլեկտրոնիկայի ուղղությամբ իրենց կրթությունը շարունակել  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մանաճյուղում՝ հետագայում «Սինոփսիս Արմենիա»- ի հետ իրականացվող ծրագրում ընդգրկվելու նպատակով։

 

Մարիամ Մկրտչյան

 

03 Հոկտեմբեր, 2022 17:31
Վեր