Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել»:
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հիմա նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Առհասարակ երաշխավորները հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում և այլն:
Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են: Ընդ որում՝ երբեմն խախտվել են երաշխավորների կողմից, ինչն իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորները սիրուն աչքերի համար չէ, որ լինում են, այլ հետապնդում են սեփական շահերը:
Իրականում ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների և երաշխավորների մասին և խոսել է խաղաղությունը ամրացնելու, ամուր խաղաղություն ունենալու նպատակով: Ահա կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունն ունենք: Այդ խաղաղությունը նույնիսկ տարածաշրջանային մեծ փոթորիկների ու պայթյունների մեջ առիթ ունեցել է ապացուցելու իր կենսունակությունը և կայունությունը, և ես վստահ եմ, որ ապագայում ևս կշարունակի այդպիսին լինել՝ ապացուցելով իր կենսունակությունը: Բայց խաղաղության ամրություն, պայմանավորվածություն ինչո՞վ, եթե չկան երաշխավորներ»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Ըստ Միրզոյանի՝ ընդդիմադիրներն իրականում ո՛չ խաղաղություն են ուզում, ո՛չ ավելի ապահով ապագա։
«Կոնկրետ ուզում են՝ X երկիրը ինչ-որ հավելյալ լծակներով շարունակի, ավելացնի իր ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանին, և ըստ այդմ՝ շարունակվի այն ցիկլը, որի մեջ եղել ենք, հետո էլի ենք եղել։ Մեզ էլ ընդդիմություն կոչվածների շնորհիվ քթներիցս բռնած տանեն հագցնեն նույն պատին, հետո էլի նույն պատին: Մենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ի՞նչ ենք առաջարկում ՀՀ ժողովրդին, որ այնպես անենք՝ այս անգամ չխփվենք պատին, այլ վերապրման օրակարգից անցնենք զարգացման օրակարգ»,- ասել է նա։


